Թուրքիան զրո խնդրի փոխարեն զրո բարեկամ ունի. Հակոբ Չաքրյան

12 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական մի շարք լրատվամիջոցների հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը շարունակում է մնալ տեսլական եւ այն գտնվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեծ օրակարգում: Դեկտեմբերի 12-ին Երեւանում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 29-րդ նիստը, որին հրավիրված է նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Արմենպես»-ը ներկայացնում է թուրքագետ Հակոբ Չաքրյանի տեսակետերն ու գնահատականը հայ-թուրքական հարաբերությունների եւ Դավութօղլուի այցի վերաբերյալ:

- Պարոն Չաքրյան, արդյո՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում, այնպես, ինչպես հինգ տարի առաջ, երբ սկսվեց «Ֆուտբոլային դիվանագիտությունը»:

- Հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի առաջնահերթ խնդիրներից չեն: Տարածաշրջանում իրավիճակը լարված է: Թուրքիան սիրիական ճգնաժամի հետեւանքով իր բոլոր հարեւանների հետ` Սիրիա, Իրան եւ Իրաք հարաբերությունները սրել է: Դավութօղլուի` հարեւան երկրների հետ առկա խնդիրները զրոյականացնելու քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ այդ առումով Թուրքիան այսօր զրո բարեկամ ունի: Տարածաշրջանի իրավիճակը հարմար չէ հայ-թուրքական հարաբերությունների առումով որեւէ ակտիվություն դրսեւորելու համար, բացի դրանից, Թուրքիայում սրված է քրդական հարցը: Ճիշտ է, PKK-ն զինված պայքարը դադարեցրել է, սակայն վերջին շրջանում նրանք ազատությունից, անկախությունից եւ քրդական ֆեդերացիայից են խոսում: Թեպետ էրդողանը քրդական հարցում հաշտեցման կարգավորման նախաձեռնությամբ հանդես եկավ, սակայն իրականում այն ոչ թե հաշտեցման, այլ զինյալ բախումները դադարեցնելու նախաձեռնություն պետք է բնութագրել: Էրդողանը հայտարարում է մեկ պետություն, մեկ ազգ, մեկ դրոշ, այսինքն քրդերի մասով անգամ մշակութային ինքնավարության մասին խոսք գնալ չի կարող:

- Այս դեպքում ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին մեկ շաբաթվա ընթացքում հնչեցրած հայտարարությունները, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի քաղաքականության օրակարագում են եւ առանցքային տեղ են գրավում: Սրանք ընդամենը հայտարարություննե՞ր են:

- Իհարկե հայտարարություններ են: Երբ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին, դրանից ընդամենը մեկ տարի առաջ էր Դավութօղլուն ստանձնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, թեմայի վերաբերյալ անընդհատ խոսում էր եւ իրարամերժ հայտարարություններ անում: Արձանագրությունների ստորագրման նախօրյակին Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան չի նախատեսում հայկական սահմանի բացում: Ստորագրումից երկու օր անց հայտարարեց, որ մինչեւ նոր տարի հայ-թուրքական սահմանը կբացվի: Հետաեւաբար, Դավութօղլուի հայտարարությունները պետք չէ լուրջ ընդունել: Նա միշտ ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը գտնվում է օրակարգում, բայց...այդ բայցն արդեն նախապայմանի լեզուն է: Եթե Թուրքիան, միջազգային ճնշումների դիմադրելու գնով, չի վավերացնում այդ արձանագրությունները, ի՞նչ կարելի է ակնկալել բանավոր հայտարարությունից: Արձանագրությունների նախապատրաստման համար ամիսներ տեւող աշխատանք է կատարվել: Բեռնում հայ եւ թուրք դիվանագետները գաղտնի շփումներ են ունեցել, որոնք հետագայում բարձրացել են արտգործնախարարների մակարդակի: Այսինքն, երկխոսությունը վերածվել է քաղաքական բանակցության, որի արդյունքում արձանագրությունները ստորագրվել են, սակայն դրանից հետո Թուրքիան կտրուկ փոխեց իր դիրքորոշումն ու պայմաններ առաջարկեց: Դա ուներ երկու պատճառ` Թուրքիան ակնկալում էր, որ շնորհիվ այդ արձանագրությունների կկասեցվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ինչը նրան չհաջողվեց: Նաեւ, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջոցով, որոնց արտաքին գործերի նախարարները անմիջականորեն ներգրավված էին հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին, Էրդողանը հույս ուներ ճնշում գործադրել` ստիպելու, որ Ղարաբաղի հարցում Հայաստանն առաջընթաց քայլ կատարի: Այդ նպատակով Էրդողանն այցելեց Վաշինգտոն եւ Մոսկվա: Սակայն, երբ Էրդողանին ասացին, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը որեւէ առնչություն չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ եւ դրանք երկու տարբեր գործընթացներ են, Էրդողանը համոզվեց, որ գերտերությունների միջոցով Հայաստանի վրա ճնշումներ կատարելու հույսեր էլ չկան եւ հրաժարվեց հայ-թուրքական արձանագրություններից:

- Հետեւաբար, եթե անգամ դեկտեմբերի 12-ին Դավութօղլուն Հայաստան այցելի, դա ընդամենը արարողակարգային այց կլինի` մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին:

- Թուրքիան Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադիր անդամներից է: Հետեւաբար, լինել հիմնադիր կազմում եւ չգալ Հայաստան` մասնակցելու նիստի, միջազգային առումով ճիշտ չի ընկալվի, մանավանդ, որ նման միջոցառումներին Հայաստանը միշտ մասնակցություն է ունենում արտգործնախարարության մակարդակով: Դավութօղլուի Հայաստան գալն ամենեւին չի նշանակի, որ Թուրքիան կփորձի ակտիվացնել հայ-թուրքական հարաբերությունները:

- Մերձավոր Արեւելքում եւ հատկապես Սիրիայում ծավալվող իրադարձություններն ու դրանց լուծումը, մեղմ ասած, չեն բխում Թուրքիայի շահերից: Արդյո՞ք ճշմարտացի են այն պնդումները, որ Թուրքիայի վարկանիշը միջազգային ասպարեզում կտրուկ ընկել է:

-Այո, վարկանիշն ընկել է: Թուրքիան սկզբից փորձեց նախ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հետո ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ ընդդեմ Սիրիայի: Սակայն ԱՄՆ-ն նախագահի եւ պետքարտուղարի մակարդակով հայտարարեց, որ չեն պատրաստվում նոր պատերազմ սանձազերծել տարածաշրջանում: Մինչդեռ Թուրքիան ցանկանում էր, որ ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն պատերազմի մեջ մտնեին, իսկ նա որպես անմիջական հարեւան տարածք կտրամադրեր, նոր իշխանության ձեւավորման մասնակից կդառնար, դիրքերը կամրապնդեր եւ կիրականացներ իր երբեմնի հավակնությունը` դառնալ տարածաշրջանային գերտերություն: Թեպետ դա անհավանական է, քանի որ արաբական երկրները, Եգիպտոսին թողած, Թուրքիային որպես առաջնորդ տարածաշրջանում չեն ընդունի: Մանավանդ, թուրքերն արաբական աշխարհի երկրներին հիշեցնում են օսմանյան տիրապետությունը, իսկ այն արաբների համար էլ է եղել արյունահեղ:

- Երեկ պաշտոնական այցով Ռուսաստան է այցելել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպե՞ս եք գնահատում ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումները` հաշվի առնելով պատմական փաստը, որ ռուս-թուրքական հարաբերությունների լավացումից միշտ տուժել է Հայաստանը:

- Այժմ 20-րդ դարի 20-ական թվականները չեն, որ բոլշեւիկների եւ քեմալականների մեղրամիսը կրկնվի: Թուրքիան ԱՄՆ-ից ավելի անկախ գործելու համար Ռուսաստանի հետ մերձենալու փորձեր է անում, ռուսներն էլ, ընդառաջելով, հնարավորինս սահմանափակում են ԱՄՆ-ին ծառայելու Թուրքիայի հնարավորությունները: Սա փոխշահավետ է, եւ այդ հարաբերությունների զարգացման վերաբերյալ կողմերն իրենց հաշվարկներն ունեն: Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումն, ընդհակառակը, կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կայունացմանը: Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է եւ նախընտրելի է, որ այդ պարագայում Հայաստանի թիկունքին կանգնած լինի Ռուսաստանը:

- Մոտենում է 2015-թվականն ու թուրքերն այն բնորոշում են «հայկական ցունամի»...

- Վերջին շրջանում այլեւս չեն ասում «հայկական ցունամի»: Իրադարձությունների զարգացումը որեւէ հիմք չի տալիս, որ մենք ակնկալենք հայկական ցունամի: Այդ ցունամիի իրականացումը միայն Հայաստանից կախված չէ: Նախ, հայկական կողմն առանձնապես լուրջ նախաձեռնություններ չի կատարում, բացի դրանից, աշխարհի ուշադրության կենտրոնում այլ խնդիրներ են` «արաբական գարուն», Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր եւ Միջին Արեւելք: Գարուն տեղի ունեցավ, սակայն ծաղիկները դեռ չբացված գարունը դարձավ ցրտաշունչ ձմեռ: Հայտնի չէ, թե Եգիպտոսում ինչ է սպասվում, նույն իրավիճակն է Թունիսում, Ալժիրում, Բահրեյնում, Եմենում, Իրաքում: Այդ երկրներում դեռեւս չկա կայունությոն եւ ամեն օր ահաբեկչության հետեւանքով մարդիկ են մահանում: Սիրիայում իրավիճակն անկանխատեսելի է, թեպետ, ԱՄՆ-ն ու արեւմուտքը համաձայնել են, որ Ասադը շարունակի ղեկավարել: Հետեւաբար միջազգային հարթակներում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն առաջին պլանում չէ: Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը դանդաղել է: Դա նաեւ իր պատճառներն ունի: Այն երկրները, որոնք պատրաստ էին ճանաչել, արդեն ճանաչել են: Մնում է ԱՄՆ-ն, եթե նա ճանաչի` Իսրայելն ու Մեծ Բրիտանիան էլ կճանաչեն: Սակայն Ցեղասպանության հարցը ԱՄՆ-ի ձեռքին լծակ է, որը ժամանակ առ ժամանակ օգտագործում է Թուրքիայի դեմ: Ճանաչելու դեպքում, ինքնստինքյան, վայր է դնելու այդ լծակը: Հնարավոր տարբերակ է նաեւ այն, որ ԱՄՆ-ն, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, որպես լծակ օգտագործի Ցեղասպանության հետեւանքների վերացման հարցը: Սակայն ԱՄՆ-ն աշխարհի միակ լիարժեք տերությունն է: Նրա ճանաչման դեպքում, պատասխանատվությունն էլ է մեծ: Չի կարելի Վենեսուելայի եւ Միացյալ Նահանգների ճանաչումը դնել նույն հարթության վրա: Մենք խոսում ենք միայն ճանաչելու մասին, սակայն դրանից հետո հետեւանքների վերացման հարց է առաջ գալիս, որն այնքան էլ հեշտ չէ:

- Ինչպես Երեւում է, հայկական կողմն էլ հետեւանքների վերացման վերաբերյալ որեւէ հստակ դիրքորոշում չի ներկայացրել:

- Միայն ընդհանուր խոսակցության մակարդակով: Ժամանակ առ ժամանակ ամենաբարձր մակարդակով հայտարարվում է այդ մասին, բայց անկեղծ ասած, հիմա հայ ժողովրդի օրակարգում էլ այդ խնդիրը չկա: Հայաստանը փոքր պետություն է, նրա կարողությունները` տնտեսական, ռազմական, քաղաքական, շատ փոքր են: Այդ առումով, հաճախ տարբեր կուսակցություններ հարձակվում են իշխանությունների վրա, բայց դա ճիշտ չէ: Որեւէ կուսակցության առաջնորդ կարող է խոսել պահանջատիրությունից, սակայն եթե Հայաստանի նախագահը խոսի, դա պարտավորեցնող է, ոչ թե նախագահի, այլ Հայաստանի համար: Ի վերջո, կա հայտնի ճշմարտություն` պահանջելով ոչ ոք ոչ մեկին հող չի տվել:

Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյանի

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա