Գարեգին Բ կաթողիկոսը Մոսկվայի Ս. Պայծառակերպություն եկեղեցում շքանշաններ է հանձնել 122 բարերարների
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը նոյեմբերի 17-ին մեկնել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ, ուր նոյեմբերի 17-ին Մոսկվայի առաջնորդանիստ Ս. Պայծառակերպություն եկեղեցում տեղի է ունեցել շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ նորակառույց տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Վեհափառ Հայրապետը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ և օրհնության գրեր է հանձնել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 122 բարերարների՝ ի գնահատություն նրանց ազգօգուտ և եկեղեցաշեն գործունեության: Ս. Խորանից Հայրապետական Սրբատառ կոնդակներն ընթերցել է թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պարգևների հանձնումից հետո ներկաներին Հայրապետական իր օրհնությունն ու պատգամն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «...Այսօր ուրախություն է մեզ համար, որ մեր Եկեղեցու հավատավոր զավակներին արժանին մատուցեցինք և նրանց կուրծքը զարդարեցինք մեր Եկեղեցու բարձր պարգևներով, քանզի իրենց արդար վաստակի արդյունքն ընծայաբերում են բարին արարելու, Հայրենիքը շենացնելու, Եկեղեցին պայծառացնելու նվիրական սուրբ գործի համար: Արադարև, շքեղաշուք այս կառույցը, աղոթքի այս տունը փառաբանություն է ինչպես մեր ազգի, այնպես մեր բարերար զավակների համար», - նշել է Նորին Սրբությունը` գոհունակություն հայտնելով, որ այսօր մոսկվաբնակ հայորդիները հնարավորություն ունեն փառահեղ Ս. Պայծառակերպություն եկեղեցու մեջ աղոթելու և մասնակցելու սրբազան արարողություններին:
Վեհափառ Հայրապետն իր խոսքում գնահատանքով է հիշել լուսահոգի Մուրադ Սարգսյանին և Մերուժան Լալայանին, ովքեր նույնպես ժամանակին իրենց կարևոր մասնակցությունն են բերել առաջնորդանիստ եկեղեցու շինարարական աշխատանքներին: Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն է բերել նաև թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին՝ թեմի հոգևոր կյանքի աշխուժացման և եկեղեցական համալիրի կառուցման համար:
Այնուհետև, այս ուրախալի առիթով եկեղեցական համալիրի սեղանատանը տեղի է ունեցել ցերեկույթ, որի ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես են եկել Մոսկվայի Հայորդյաց տան «Ովսաննա» երգչախումբը՝ խմբավարությամբ Լենա Բեգլարյանի, «Ակունք» ժողովրդական գործիքների և «Կոչնակ» դհոլահարների խմբերը, ինչպես նաև «Հայասա» պարային համույթը և մանուկների պարային նորաստեղծ խումբը:
Հանդիսության ընթացքում բարերաներին գնահատանքի խոսք է ասել Եզրաս սրբազանը: «Հոգու ուրախություն է մեզ համար, որ եկեղեցասեր ոգին զորեղ է ձեզ պես հայորդիների սրտերում և ծնունդ է տալիս բարի իրագործումների, որի ականատեսն ենք այսօր մենք բոլորս», - ասել է Սրբազան հայրը՝ մաղթելով, որ Տիրոջ հովանավոր Աջը միշտ զորավիգ լինի նրանց` նույն եռանդով շարունակելու բարի գործերով շենացնել Մայր Եկեղեցին:
Երախտագիտության խոսքով հանդես են եկել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ազգային բարերար Սամվել Կարապետյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Արթուր Չիլինգարովը:
Հանդիսության ավարտին ներկաներին վերստին իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Հայրապետը: