Առավոտյան ժամանել Հայաստան, կարգավորել գործերը, երեկոյան վերադառնալ. «բաց երկինքը» հնարավորություն է դիրքավորվելու աշխարհում
15 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը որդեգրել է բաց երկնքի քաղաքականություն: Դրա շրջանակում ստեղծվելիք 20 հազար նոր աշխատատեղերի, ուղևորափոխադրումների աճի, տոմսերի գնի նվազման, տեղական ավիափոխադրողների «ծուլանալու», hայկական ավիացիոն շուկայով համաշխարհային խոշորագույն ընկերությունների հետաքրքրվածության, երկրի խթանման ֆոնդի և այլ հարցերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի հետ:
-Հայաստանը որդեգել է բաց երկնքի քաղաքականություն: Ի՞նչ արդյունքներ է ակնկալվում դրանից, և ո՞րն է ձեր տեսլականն այս հարցում:
-Հայաստանը պիտի լինի հասանելի, երկիրը պիտի կապակցված լինի դրսի աշխարհի հետ և հաղորդակցությունը պիտի լինի մատչելի բոլորի համար: Բաց երկնքի քաղաքականությամբ Հայաստանը կինտեգրվի միջազգային գլոբալ հոսքերում՝ ինչպես մարդկանց, այնպես էլ առևտրի և ծառայությունների:Սա գերազանց հնարավորություն է Հայաստանին գլոբալացող աշխարհում դիրքավորվելու և ներգրավվելու համաշխարհային շուկայի դինամիկայում:
-Հայտնի է, որ Վրաստանում ավիատոմսերն ավելի էժան են, ինչը ստիպում է մեր քաղաքացիներին այդ երկրի տարածքից մեկնել այլ երկրներ: Բաց երկնքի քաղաքականությանն անցնելն ի՞նչ կտա այս առումով:
-Բաց երկնքի քաղաքականությունը նշանակում է, որ բոլոր այն սահմանափակումները, որոնք գործում էին մինչև հիմա դեպի Հայաստան և Հայաստանից դուրս ավիափոխադրումներ իրականացնելու տեսանկյունից, առավելագույնս վերացվելու են: Ի՞նչ է դա ենթադրում: Դա ենթադրում է, որ բոլոր որակավորված և հետաքրքրված ավիաընկերությունները կարող են մատուցել ավիափոխադրումների ծառայություններ դեպի Հայաստան և Հայաստանից առանց սահմանափակումների: Սահմանափակումների բացակայությունը վերաբերում է մատուցվող ծառայությունների առաջարկին, իսկ առավել հստակ` համաձայնեցված հաղորդակցություններին և դրանց իրականացման կառավարող սկզբունքներին, մասնավորպես, երթուղիներին, նշանակված ավիաընկերություններին, թռիչքների հաճախականությանը, օդանավերի տարողությանը և այլն: Մինչ այժմ գործող միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում, դեպի Հայաստան և Հայաստանից դուրս ավիափոխադրումներ իրականացնելու սահմանափակումների արդյունքում սահմանափակված էր ծառայությունների առաջարկը, որի արդյունքում մասնավորապես ձևավորվել էին ոչ-մրցակցային բարձր գներ և սահամանափակվել էր սպասարկման աշխարհագրությունը:
Իսկ ահա մեր հարևան Վրաստանում պատկերը եղել է տրամագծորեն հակառակը: Վրաստանն ամբողջությամբ ազատականացրել է «իր երկինքը» և միացել է եվրոպական ընդհանուր ավիացիոն տարածքի համաձայնագրին: Առավել ևս Վրաստանն ազատականացրել է նաև իր ներքին ավիափոխադրումների շուկան: Այսինքն, Վրաստանը ազատականացրել է ավիափոխադրումների շուկան, ստեղծել համապատասխան կարգավորման դաշտ և գործիքակազմ` ապահովելու ազատ և հավասար մրցակցային պայմաններ: Արդյունքում, Վրաստանում ոչ միայն շեշտակի աճեց ավիափոխադրողների քանակը և մրցակցությունը, այլև մեծացավ երկրի կապակցվածության աշխարհագրությունը, բարելավվեց ծառայությունների սպասարկամն որակը, նվազեցին գները: Ավելին, Վրաստան մուտք գործեցին բյուջետային ավիափոխադրողները:
Այժմ արդեն Հայաստանում ունենք նոր իրավիճակ, երբ օրինակ որևէ ավիաընկերություն տեսականորեն ուզում է իրականացնել շաբաթական 50 չվերթ դեպի Հայաստան Եվրոպայի ցանկացած կետից, այդ ընկերությունը կարող է անել դա:
-Այսինքն, ամեն ինչ կախված է լինելու պահանջարկից և առաջարկից:
-Այո, ազատ, կարգավորվող, թափանցիկ և մրցակցային միջավայր է ստեղծվում:
Եվ հենց սրա արդյունքում է, որ կստեղծվի մոտ 20 հազար նոր աշխատատեղ, ուղևորափոխադրումները կաճեն 20-25 տոկոսով, տոմսերի գինն առնվազն 10 տոկոս կնվազի, իսկ որոշ ուղղություններով՝ մինչև 50 տոկոս: Համախառը ներքին արդյունքի տարեկան աճ՝ առնվազն 1-1,5 տոկոսով: Կմեծանա նաև ծառայությունների աշխարհագրությունը, ինչպես նաև բյուջետային ավիափոխադրողների մուտքը Հայաստան: Այսօր, օրինակ, դեպի Հայաստան և Հայաստանից դուրս հարմար չէ ինքնաթիռով ճամփորդություն կատարել: Եթե խոսում ենք երկրի ներդրումային գրավչության մասին, օրինակ, ապա շատ կարևոր է ներդրողի համար ուղիղ և հարմար չվերթների առկայությունը: Այսինքն, առավոտյան ժամանել Հայաստան, գործ անել այստեղ, կեսօրին կամ երեկոյան վերադառնալ: Նմանատիպ հնարավորությունները խիստ սահմանափակ են Հայաստանում:
-Նշեցիք 20 հազար նոր աշխատատեղերի մասին: Սրանք որտե՞ղ են ստեղծվելու:
-Երբ իրականացվում էր այս բարեփոխումը, դրա հիմնական նպատակը միայն այն չէր, թե ինչպես մարդիկ պետք է մի կետից մյուսը տեղափոխվեն: Հիմնական նպատակն այն էր, թե ինչպես դարձնել այս ոլորտը տնտեսական գործունեության խթանման ոլորտ՝ հաշվի առնելով աշխարհի այլ երկրներում նմանատիպ փորձը և առավելություները: Մեր երկրի պարագայում, 20 հազար նոր աշխատատեղը բավական լուրջ թիվ է: Նախորդ տարի մենք ունեինք Հայաստան այցելած ավելի քան 843 հազար զբոսաշրջիկ: Այս տարվա ինը ամիսների տվյալներով՝ զբոսաշրջիկների թիվը շուրջ 12 տոկոսով աճել է: Նախատեսում ենք, որ այս տարի զբոսաշրջիկների թիվը կհատի մեկ միլիոնի սահմանը: Զբոսաշրջիկների թվի ավելացումը ենթադրում է համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում՝ հյուրանոցներ, ռեստորաններ, հյուրատներ, հանգստի վայրեր, տարբեր տեսակի զբոսաշրջային արդյունքներ: Ենթակառուցվածքներին աջակցելու և կյանք տալու համար պետք են մարդիկ: Հիմնական աշխատատեղերը ստեղծվելու են զբոսաշրջության ոլորտում: Երկիրը նաև կդառնա գրավիչ ներդրումային տեսանկյունից, որը կարող է խթանել նոր հոսքեր և ներդրումային ծրագրերի իրականացում:
-Դուք նշեցիք, որ երկրի ներսում շուկայի ազատականացման արդյունքում հայկական ընկերությունները նույնպես կարող են իրականացնել չվերթներ. այդպիսի ընկերություններ կա՞ն այժմ:
-Ցանկանում եմ սկզբում նշել, որ ոչ մի քանակային սահամանափակում տեղական փոխադրողների համար չի նախատեսվում: Ցանկացած տեղական որակավորված և հետաքրքրված ընկերության համար շուկան բաց է լինելու:
Անհրաժեշտ է, սակայն, հաշվի առնել շատ կարևոր հանգամանքներ: Առաջին հերթին դա թռիչքների անվտանգության խնդիրն է: Տեխնիկական տեսանկյունից փոխադրողները պետք է ի վիճակի լինեն ապահովելու մարդկանց անվտանգ տեղափոխությունը: Մյուս կողմից, կա արդեն մարդկային, ֆինանսական ռեսուրսների, հնարավորությունների ու չափանիշների դաշտ, առանց որոնց բավարարելու նրանք չեն կարող իրականացնել ավիափոխադրումներ: Առկա է նաև երկրի հեղինակության խնդիր: Երկիրը չի կարող թույլ տալ, որ ամեն օր բացվեն և փակվեն ավիաընկերություններ, որովհետև միջազգային ավիաշուկայում դա շատ բացասական ռիսկեր է պարունակում երկրի հեղինակության համար:
Ինչպես գիտենք, «Էյր Արմենիա»-ն հայտարարել է իր մտադրությունների մասին: Հուսով եմ, որ առաջիկայում կլինեն նոր տեղական փոխադրողներ:
-Բաց երկնքի քաղաքականությանն անցնելով արդեն ավիափոխադրողների «ծուլության» խնդիր չի՞ լինի:
-Շուկան լինելու է ամբողջությամբ ազատականացված: Պետության կողմից ոչ մի միջամտություն, ոչ մի առավելություն ֆինանսական և իրավական գործիքների տեսանկյունից տեղական փոխադրողներին չեն տրամադրվելու, չեն ստեղծվելու «ջերմոցային» պայմաններ: Այսինքն, ավիափոխադրողները պետք է մրցեն, իսկ «ծույլերը» կարժանանան էվոլյուցիոն անհետացման ճակատագրին:
-Իսկ եթե պետական միջամտություն չի լինելու, հնարավոր չէ՞ արդյոք, որ ավիափոխադրողները որոշակի խնդիրներ առաջացնեն այդ ոլորտում:
-Պետությունը չի մասնակցելու բիզնես որոշումների կայացմանը: Պետության դերը սահմանափակվելու է մի կողմից ազատ, արդար և թափանցիկ կարգավորիչ դաշտի, իսկ մյուս կողմից դաշտի կարգավորման գործիքակազմի կիրառմամբ: Ակնհայտ է, օրինակ, որ պետությունը պետք է կարգավորի դաշտը տեխնիկական անվտանգության տեսանկյունից, ինչպես նաև հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման և/կամ վերացման տեսնակյունից: Օրինակ՝ պետությունը կարող է միջամտել, եթե որոշ ավիափոխադրողներ փորձեն իրականացնել հակամրցակցային համաձայնություններ բարձր գների տեսանկյունից:
-Փաստորեն, ստացվում է, որ պետությունն, այնուամենայնիվ, միջամտելու է:
-Այո, պետությունը միջամտելու է ոչ բիզնես գործառույթներին: Բոլոր անհարկի սահմանափակումները, միջամտությունները բիզնես որոշումների մեջ վերացվելու են: Ավիաընկերություններն ազատ են լինելու ուղղությունների, հաճախականությունների և տարողությունների հարցերում որոշումների կայացման մեջ: Պետությունը չի կարող ասել, օրինակ, գիտեք` դուք պետք է թռչեք շաբաթական երեք կամ հինգ անգամ` A 320-ով կամ Բոինգ 777-ով:
-Անդրադառնալով անվտանգության հարցերին` իսկ, ի վերջո, պե՞տք է արդյոք, որ ավիացիայի ոլորտն այդքան ազատ լինի: Վտանգներ չկա՞ն այդ ազատության մեջ:
-Իրականում, կարծում եմ, որ կան միայն առավելություններ: Կան ռիսկեր, ոչ թե վտանգներ, բայց կան նաև այդ ռիսկերի զսպման և կառավարման մեխանիզմներ: Ես նախորդ հարցի շրջանակում անդրադարձա միայն դրսի ավիափոխադրողներին, որոնց առջև շուկան ամբողջությամբ բացվում է: Շուկան ամբողջապես ազատականացվում է նաև ներսի ավիափոխադրողների համար: Դա նշանակում է, որ հայկական ցանկացած ընկերություն, որը հետաքրքրված է, ունի համապատասխան որակավորում և բավարարում է որոշակի պայմանների, կարող է իրականացնել ավիափոխադրումներ` զսպելով Ձեր կողմից բարձրացված որոշակի ռիսկեր:
Բաց երկնքի քաղաքականության ռիսկերի հետ կապված. դուք գիտեք, որ ազգային անվտանգության խնդիրը պարբերաբար արծարծվել է: Կարծում եմ, որոշ առումներով` նաև շահարկվել: Սակայն, միջազգային փորձը ցույց է տալիս, որ ոչ մի կապ չկա ազգային փոխադրողի և ազգային անվտանգության միջև: Առավել ևս, ազգային փոխադրողների գերակշիռ մասը սնանկացել են, մի պարզ պատճառով. ջերմոցային պայմանների ստեղծումը երկարաժամկետ առումով ընկերություններին դարձնում է «ծույլ» և այդ «ծուլությունը» տարիների ընթացքում ավելի է խորանում: Նրանք իրենց պաշտպանված են զգում մրցակցությունից, բայց, ի վերջո, մրցակցությունը գերակայում է, և իրենք, ընդունակ չլինելով մրցել, խաղից դուրս են գալիս: Խնդիրը միայն խաղից դուրս գալը չէ: Այդ ընկերությունները հիմնականում ֆինանսավորվում են հարկատուների գումարներով՝ հանրային շահին ծառայելու: Սակայն արդյունքում ստացվում է, որ հարկատուների գումարները չեն ծառայում հանրային շահի սպասարկմանը:
-«Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցել կառավարությանը: Ի՞նչ եք կարծում` արդյոք ծրագիրն ամբողջապես կիրականացվի:
-Նախ ցանկանում եմ նշել, որ որ ծրագրի մշակումն իրականացվել է ՀՀ նախագահի առաջնորդությամբ և ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողության ներքո, առանց որի բաց երկնքի քաղաքականության ծրագիրը երբեք իրականություն չէր դառնա:
Առանցքային է եղել մաև մասնավոր հատվածի ներդրումը և ցանկությունը` ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի անդամ պարոն Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ:
Ըստ այդմ՝ Մաքքինզի ընկերությունը խորհրդատվական ծառայություն է մատուցել, ստեղծվել է 5 փաստաթուղթ: Առաջինը՝ ծրագրի մշակումն է իրականացվել: Լուծումների դաշտը տեսականորեն եղել է շատ լայն: Եղել են 1 տասնյակից ավելի աշխատանքային տարբերակներ: Արդյունքում ընտրվել է բաց երկնքի քաղաքականությունը, որովհետև դա երկրին տալու է ամենամեծ տնտեսական առավելությունները, որոնց մասին արդեն նշեցի նախորդ հարցերում:«Մաքքինզի»-ն մշակել է նաև ծրագրի իրականացման միջոցառումներ: Երրորդ հիմնական փաստաթուղթը` պետական մասնավոր հատվածի համագործակցության հիման վրա ստեղծվող երկրի խթանման ֆոնդը պետք է լինի, որը պետք է թույլ տա երկիրը խթանել միջազգային զբոսաշրջային շուկայում, եթե հանրագումարի բերենք` ցույց տա, որ Հայաստանը բաց է բիզնեսի համար:
Եվ ահա պետական-մասնավոր հատվածի համագործակցության այս գերազանց մոդելը մի կողմից, և «Մաքքինզի» ընկերության կողմից պատրաստաված համապարփակ փաստաթուղթը մյուս կողմից, լիահույս է դարձնում ծրագրի արդյունավետ իրականացման հարցում:
-Երկրի խթանման ֆոնդը կմանրամասնե՞ք, թե ինչ է:
-Որոշ հարցեր դեռևս կոնցեպտուալ մակարդակի վրա են, ինչպես օրինակ, երկրի խթանման ֆոնդը: Համապատասխան ձևով դա դեռ պիտի ինստիտուցիոնալիզացվի: Մոտավորապես, խոսում ենք 25 միլիոն դոլարի մասին, որը պետք է հավաքագրվի պետական մասնավոր հատվածի համագործակցության սկզբունքի վրա և ուղղվի երկրի խթանմանը միջազգային շուկաներում: Մասնավոր հատվածը պատրաստակամություն է հայտնել պետության հետ համատեղ այդ ստեղծելու այդ ֆոնդը:
-Ֆոնդի գործառույթներից կնշե՞ք մի քանիսը:
-Երկիրը ներկայացնել միջազգային հարթակներում: Ինչպես զբոսաշրջային, այնպես էլ ներդրումային ոլորտներում ներկայացնել մեր երկրի առավելությունները և գրավչությունը:
Հարցազրույցը՝ Հակոբ Վարդանյանի