ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն օրեր անց կմեկնարկի պարտիաները Եվրոպայի թիմային առաջնությունում: Տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանի համար առաջնայինհը Եվրոպայի առաջնությունում բարձր հորիզոնականներ զբաղեցնելն է: «Արմենպրես»-ը զրուցեց գրոսմայստերի հետ:
-Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք խաղալ շախմատ:
Շախմատ շատ փոքր տարիքից եմ խաղում, համարյա 4 տարեկանից: Շախմատի քայլերը սովորեցրեց հայրս, հետո արդեն պապիկիս հետ էի խաղում: Շախմատ խաղալը մեր ընտանիքում ավանդույթ էր. պապիկս էր խաղում, հայրս մինչև օրս էլ խաղում է: Փոքր տարիքում շատ էի սիրում գիրք կարդալ, իհարկե, նաև շախմատ խաղալ: Այնպես ստացվեց, որ շախմատն ինձ ավելի գերեց, որն ինձ տրամաբանելու ավելի մեծ հնարավորություններ տվեց:
-Ունե՞ք սիրելի շախմատիստ, ում պարտիաները Ձեզ «դաս են տվել» :
Եթե պարտիաներ ընտրելու լինեմ, ապա կընտրեմ Խոսե Կապաբլանկայի պարտիաները: Դեռ փոքրուց և մինչև հիմա էլ սիրում եմ նրա խաղը, պարտիաները: Եթե ընտրեի, ապա` Կապաբլանկա:
-Բոլորը միաբերան մեր հավաքականի հաջողության գաղտնիքը համարում են միասնությունը:
Դժվար է խոսել գաղտնիքների մասին: Անշուշտ, մեզ շատ է օգնում մեր միասնական լինելը: Հենց սա է, որ մեզ հաջողություն է բերում: Հույսով ենք` այդպես էլ կշարունակվի: Ասեմ, որ Լևոնը (Արոնյան) մեզ շատ է օգնում նաև հավաքականից դուրս, քանի որ մշտապես կապի մեջ ենք:
-Հայտնի է, որ Դուք Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մեծ երկրպագու եք: Ի՞նչ կասեք աշխարհի առաջնության ընտրական փուլի մասին:
Ես շատ ուրախ էի, որ ներկա էի Չեխիայի հետ Պրահայում կայացած հանդիպմանը: Հանդիպումն էլ շատ հետաքրքիր ու լարված անցավ: Շատ ափսոս, որ տղաները չկարողացան հաղթահարել ընտրական փուլը: Հույս ունեմ, որ մեր տղաները անպայման կկարողանան մասնացել Եվրոպայի կամ աշխարհի հաջորդ առաջնությանը: Այս խաղերին ձեռք բերած փորձը նրանց կօգնի հետագայում մասնակցելու մեծ հնարավորություններ բացել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում:
-Դուք խոսում եք 8 լեզուներով: Իսկ ո՞ր լեզվով եք մտածում:
Եթե անկեղծ, ապա այն լեզվով, որով խոսում եմ այդ պահին: Երբ խոսում եմ հայերեն, մտածում եմ հայերեն, երբ խոսում եմ ռուսերեն, մտածում եմ ռուսերեն: Երբեմն շատ դժվար է լինում, երբ օրվա ընթացքում ստիպված եմ լինում խոսել այդ բոլոր 8-ը լեզուներով: Բայց արդեն մի տեսակ վարժվել, ընտելացել եմ:
-Առջևում Եվրոպայի առաջնությունն է: Ինչպե՞ս է թիմի տրամադրությունը:
Շատ ժամանակ է անցել 1999-ից, երբ վերջին անգամ հռչակվեցինք Եվրոպայի չեմպիոն: Այդ թիմից հիմա հավաքականում միայն Արշակ Պետրոսյանն ու Լևոն Արոնյանն են մնացել: Մյուսներս դեռ Եվրոպայի չեմպիոն չենք դարձել, մեզ համար շատ կարևոր է, որ հաղթենք այս մրցաշարում: Պայքարելու ենք Եվրոպայի առաջնությունում ամենաբարձր հորիզոնականների համար: Այսպիսին է թիմի տրամադրվածությունը:
-Եվրոպայից անմիջապես հետո աշխարհի առաջնությունն է:
Ճիշտն ասած, հիմա կենտրոնացել ենք Եվրոպայի առաջնության վրա: Առայժմ մի քիչ դժվար է աշխարհի առաջնության մասին խոսելը: Ամեն ինչ անելու ենք մարզավիճակը պահպանելու համար:
-Հնարավոր կլինի՞ յոթ օրում վերականգնվել,չէ՞որ այդ առաջնությունների միջև ընդամենը մեկ շաբաթ է ընկած:
Մյուս թիմերն էլ են նույն իրավիճակում հայտնվելու: Միայն Ռուսաստանն է, որ կարծես մի քիչ այլ կազմով է մասնակցելու: Կարելի է ասել, որ մի քիչ խաղային ճնշման մեջ ենք լինելու: Իսկ եթե հաջող անցկացնենք Եվրոպայի առաջնությունը, ապա հնարավոր է` հակառակ ազդեցություն լինի և հաջող խաղանք նաև աշխարհի առաջնությունում:
-Աշխարհի առաջնությունը շախմատային տարվա գլխավոր իրադարձություններից է: Ձեր կարծիքով` ո՞վ կլինի աշխարհի հաջորդ չեմպիոնը:
Մեծ են Մագնուսի Կարլսենի հնարավորությունները: Այժմ Կարլսենն իր կարիերայի գագաթնակետում է, ունի գերազանց մարզավիճակ: Կարծում եմ` նա կլինի նոր չեմպիոնը:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի