Հասարակական

Հոսանքազրկման պատճառը Հայաստանի եւ Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն էր

3 րոպեի ընթերցում

Հոսանքազրկման պատճառը Հայաստանի եւ Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն էր

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերականգնվել էր Իրանի և Հայաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը: Հանրապետության տարածքում հոսանքազրկման վերաբերյալ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը «Արմենպրես»-ին ներկայացրեց պարզաբանում։ «Ժամը 10:24 րոպեին Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգից, որի արդյունքում հոսանքազրկվել են հանրապետության բնակավայրերը: Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերի 22-ին դուրս էր բերվել էներգաարտադրության ցանցից` վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության միջոցառումների ներդրման համար: Այդ աշխատանքները պետք է տևեն 54 օր: Ուստի այս օրերի ընթացքում Իրանից Հայաստան էր ներկրվում 198 մեգավատտ էլեկտրաէներգիա և ատոմակայանային ծախսը լրացվում էր Իրանից բերվող հոսանքով: Հանրապետության էներգահամակարգի մեկուսացման արդյունքում համակարգի հաճախականությունը իջել էր մինչև 45 հերց, որի պատճառով էլ տեղի ունեցան հոսանքազրկումներ: Ժամը 10:26 րոպեին արդեն իսկ վերականգնվել էր Իրանի և Հայաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը, ժամը 11:30-ին` վերականգնվել էր հանրապետության էլեկտրաէներգիա սպառողների 70 տոկոսի էներգամատակարարումը: Այս պահին շարունակվում են աշխատանքները մյուս սպառողների էլեկտրամատակարարումը ևս վերականգնելու համար: Ընթանում է նաև մասնագիտական քննություն` կատարվածի պատճառները պարզելու և հետագայում նման խնդիրներից խուսափելու համար»,-ասաց Հարությունյանը։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ Իրանի հետ փոխհոսքեր են իրականացվել, սակայն նման խնդիր առաջին անգամ է լինում։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանից տեղեկացանք, որ հոսանքազրկման պատճառը համակարգի խափանումն է եղել: «Մենք էլեկտրաբաշխիչ համակարգ ենք, այսինքն` մենք արտադրողներից ստանում ենք էներգիան և բաշխում ենք այն: Մեր ցանցն արտադրող կայաններից 10 րոպե էլեկտրաէներգիա չի ստացել, հետևաբար չի կարողացել բաշխել: Վերականգնվելուց հետո կայաններից սկսել ենք ստանալ էլեկտրաէներգիան և բաշխել այն, հետևաբար` էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվում է աստիճանաբար»,-ասացին ընկերությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում