Հատուկ նախագծեր

«Ականատեսը». Երբ թուրքերը եկան Մուսա լեռ, թուզը նոր էր հասել. 103- ամյա վերապրողի հուշերը

6 րոպեի ընթերցում

«Ականատեսը». Երբ թուրքերը եկան Մուսա լեռ, թուզը նոր էր հասել.  103- ամյա վերապրողի հուշերը

«Արմենպրես»լրատվական գործակալութունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացնում է «Ականատեսը» հատուկ նախագիծը, որը շարունակում է ընթերցողների դատին հանձնել ցեղասպանության ականատեսների կյանքի պատմությունները: Նախագծի այս շաբաթվա հերոսը Արմավիրի մարզի ամենատարեց բնակիչներից մեկն է`103-ամյա մուսալեռցի Խոսրով Ֆրանգյանը:

ԷՋՄԻԱԾԻՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսկական մուսալեռցի եմ, ծնվել եմ Միջերկրական ծովի ափին, Քեբուսիե գյուղում »,- խոհուն հայացը մեզ ուղղելով` վերհիշում է Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի` Էջմիածնի ամենատարեց բնակիչներց մեկը`103 - ամյա Խոսրով Ֆրանգյանը: Ցեղասպանության ականատեսներից շատերի նման նրա կյանքն էլ պատմական հայրենիքից հեռանալուց հետո շրջադարձային իրադարձություններով է լեցուն, որոնք ինքը, ի տարբերություն շատերի, հիշում է հստակ հաջորդականությամբ:

Պատմական տեղեկանք

Մուսա լեռան վեց գյուղերի (Քեբուսիե, Վագըֆ, Խտրբեկ, Յոգունոլուկ, Հաջի Հաբիբլի, Բիթիաս) հայությունն աշխարհագրական դիրքի շնորհիվ գրեթե անմասն մնաց համիդյան հալածանքներից, իսկ 1915-ի հուլիսի կեսերին հակվեց ինքնապաշտպանության գաղափարին: Դաշնակիցների ափհանման գործողության ժամանակ հայաբնակ ու ծովեզրյա տարածքը հրաշալի հենակետ կարող էր ծառայել, եւ հուլիսի 26-ին հրապարակվեց հնգօրյա ժամկետում Քեսապի հայության տարագրման հրամանը: Մուսալեռցիների մի մասը սկսեց լեռ բարձրանալ, իսկ ինքնապաշտպանության դիմելու որոշումն ընդունվեց հուլիսի 29-ին, Յողունօլուկում գումարված ընդհանուր ժողովում, եւ մի քանի օրում Մուսա լեռ բարձրացավ շուրջ 5.000 հայ, իսկ 2.000-ը՝ տարագրվեցին:

«1915 թվականին թուրքերը եկան Մուսա լեռ, և երբ մուսալեռցիները ստիպված բարձրացան սարերը, ես հինգ տարեկան էի,- նշում է պատմության հերոսը` մեր ուշադրությունը հրավիրելով նկարագրական հետաքրքիր դրվագի վրա: - Այդ ժամանակ Մուսա լեռում թուզը նոր էր հասել, յուրաքանչյուրն իր հողամասն ուներ, որը մշակում էր, ապա վայելում բարիքները»:

«Չարչարանքը շատ էր, ջուր չկար, ամոթ չլինի ասել, զուգարան չկար, ոչինչ չկար... Չորս հոգով էինք` հայրս, մայրս, եղբայրս և ես: Նաև քույրիկ ունեի, որը հիվանդացավ և ճանապարհին մահացավ, այլ զոհ չունեցանք…ոչ մի հատ»,- շարունակում է Խոսրով հայրիկը:

Իրենց ընտանիքը Մուսա լեռում մնացել է մինչ 1939 թվականը, որից հետ իրենց տեղափոխել են Բեյրութ:

«Ընտանիքս ապրում էր Այնճար գյուղում, իսկ ես Բեյրութում էի աշխատում»,- պատմում է Խոսրովը, ով երկար տարիներ բանել է որպես բանվոր: Այնուհետև աշխատել է Դամասկոսում, 1945 թվականին ամուսնացել:

«Անգլիացիների մոտ էի աշխատում Դամասկոսում, խնդրեցի, որ հինգ օրով վերադառնամ Անճար, որպեսի ամուսնանամ, արդեն նշանված էի այդ ժամանակ, հիշում եմ, թե ինչպես էր եղբայրս խփում զուռնա-դհոլը»,- երանավետ ժպիտ է գծագրվում ալևորի դեմքին: Հետո արդեն նա կնոջ հետ վերադառնում է Դամասկոս, մեկ աղջիկ ունենում այնտեղ:

Ֆրանգյանների ընտանիքը Հայաստան է տեղափոխվում է 1947 թվականին:

«47 թվականին եկանք Հայաստան, մնացինք այստեղ, աշխատեցինք, սակայն 1949 թվականին, շատերի նման, ինձ եւս աքսորեցին Սիբիր, Ալթայի երկրամաս: Այնտեղ տրակտորիստ էի մինչև 1956 թվականը, հետո վարադարձա Հայաստան, բնակություն հաստատեցի Էջմիածնում և սկսեցի աշխատել սովխոզում, ունեցա չորս երեխա»,- իրադարձությունների հաջորդականությունը մեզ ներկայացնելով` նշում է պատմության հերոսը` հպարտանալով, որ սեփական ձեռքերով է կառուցել Էջմիածնի իրենց տունը:

Պատմական տեղեկանք

1949 թվականի հունիսի 14-ին, Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի դռնփակ խորհրդակցությունում որոշում է ընդունվել իրագործել Ստալինի խիստ գաղտնի ծրագիըը`«անբարեհույս տարրերին» աքսորել Ալթայի երկրամաս:

Ցուցակներում առաջինը դաշնակցականներն էին, թուրքահպատակներն ու քաղաքացիություն չունեցողները: Ո՛չ օրենսդիրի թույլտվություն եւ ո՛չ էլ գործադիրի պաշտոնական կարգադրություն չի եղել: Ստալինի հրամանով այդ օրերին աքսորվել է ավելի քան 13 000 մարդ:

1994 թվականից ի վեր հունիսի 14-ը մեր երկրում նշվում է որպես խորհրդային համակարգի անմեղ մեղավոր զոհերի՝ Բռնադատվածների օր:

Ականատեսի համար ամենամեծ ափսոսանքը Մուսա լեռան իրենց տան, հողամասի կորուստն է:

«Մուսա լեռան մեր տունը գնամ տեսնեմ, 10 տարով կերիտասարդանամ: Ցանկանում եմ մեկ անգամ ևս տեսնել ծննդավայրս… Միջերկրական ծովում ամեն օր կլողանամ»,- իր երազանքը պատմեց զրուցակիցս` ասելով նաև, որ հայրենի բնաշխարհի գլխավոր առանձնահատկություններից էր հողի հետ աշխատանքը և շերամապահությունը:

Խոսրովը հիշում է, թե ինչպես էին մուսալեռցիները ձիթապտղից համեղ կերակուր պատրաստում`ճզմում քսում էին հացի վրա և ուտում, բաղադրատոմսը պարզ է, բայց համն` անմոռանալի:

Շատ երկարակյացների նման նա ևս, չնայած առողջական խնդիրներին, ունի առողջ լինելու իր բանաձևը, որի էությունն առաջին հերթին կանոնակարգված ռեժիմով ապրելն է:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին` հարուստ կյանքի փորձով իմաստնացած 103-ամյա ծերունին կարճ, բայց դիպուկ գնահատական է տալիս. «Թուրքին չհավատաս, թուրքը քեզ փշի-փշի կանի, բայց հետևից կխփի, բոլոր հայերն էլ գիտեն, որ թուրքը թուրք է մնում»:

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները` Արև Գրիգորյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում