Պաշտոնական

ՀՀ Վարչապետը մասնակցել է Գյումրիի օրվան նվիրված տոնական միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ Վարչապետը մասնակցել է Գյումրիի օրվան նվիրված տոնական միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրի՝ մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի,ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի,Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ վարչապետը Գյումրիի Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում ներկա է եղել «Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում կազմակերպված Հացի փառատոնին, որտեղ ներկայացվել էր գյումրեցու ավանդական կենցաղն ու ազգային խոհանոցը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է գյումրեցիներին քաղաքի տոնի կապակցությամբ:«Այն, որ քաղաքի տոնը նշվում է նաև Հացի փառատոնի հետ միասին, ունի մեծ խորհուրդ. Գյումրին վերականգնվում ու վերածնվում է: Այն տրամադրությունն ու ոգևորությունը, որ կա ժողովրդի մոտ, այսուհետ լինելու է շարունակական և հավերժ: Գյումրին մշտապես եղել է մեր մշակութային կենտրոնը, և ցանկացած ծրագիր, որ մենք սկսելու ենք Գյումրիում, ունենալու է նաև մշակութային բովանդակություն: Ցանկանում եմ, որ Գյումրիում և ձեր ընտանիքներում այսուհետ լինի միայն տոնական տրամադրություն»,- դիմելով գյումրեցիներին՝ նշել է Տիգրան Սարգսյանը։

Այնուհետև վարչապետը ծանոթացել է Քանդակագործության միջազգային սիմպոզիումի շրջանակներում ստեղծվող քանդակներին, որոնք ամբողջական տեսքի բերվելուց հետո կտեղադրվեն քաղաքի տարբեր այգիներում և պուրակներում:Կառավարության ղեկավարն այցելել է «Ստիլ» պատկերասրահ, որտեղ ներկայացվել էին Գյումրիի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների և դասախոսների համատեղ աշխատանքները:

Վարչապետ Սարգսյանն այցելել է նաև Գյումրիի վերակառուցված Մարզային գրադարան՝ ծանոթացել ստեղծված պայմաններին: Տեղեկացվել է, որ գրադարանը համալրվել է նոր գրականությամբ, որի թվայնացման ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում