ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: EURHODIP հյուրանոցային և տուրիստական ասոցիացիայի 2016 թվականի համաժողովը կկայանա Երևանում: Այս մասին Երևանում հոկտեմբերի 11-13-ն անցկացվող Հյուրընկալության եւ տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի (EURHODIP) տնօրենների խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց EURHODIP-ի տնօրենների խորհրդի նախագահ Կիս Վան Դեր Կլիպը:Նա նշեց, որ 2016-ին կայանալիք համաժողովը Երևանում անցկացնելու առաջարկն ստացել են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանից և որոշում են կայացրել ընդունել այն:«Մենք հույս ունենք, որ այս նիստը կօգնի առավել լավացնել տուրիզմի մակարդակը Հայաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Կիս Վան Դեր Կլիպը:
Նրա գնահատմամբ` Հայաստանը ամենահին երկրներից մեկն է աշխարհում, և չնայած նրան, որ ինքը շատ քիչ մասն է տեսել Հայաստանի, կարծում է, որ մեր երկիրը խոստումնալից է հատկապես կրթված և զարգացած զբոսաշրջիկների համար:«Երեկ Մատենադարան այցելությունն ինձ թույլ է տվել հասկանալ, թե ինչքան պոտենցիալ ունի Հայաստանը տուրիզմի ոլորտում»,- նկատեց EURHODIP-ի տնօրենների խորհրդի նախագահը` հավելելով, որ պարզապես անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել այն մարքեթինգին, որն իրականացնում է Հայաստանը տուրիզմի ոլորտում:
Ելնելով նրանից, որ EURHODIP-ը զբոսաշրջության ամենահեղինակավոր ցանցերից մեկն է Եվրոպայում, առաջարկում են տուրիզմով զբաղվող դպրոցներին և համալսարաններին ծանոթանալ, համագործակցել և կիրառել միջազային չափանիշները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը տեղեկացրեց, որ կայացված որոշման համաձայն մինչ 2016 թվականը Հայաստանը կիրականացնի ուսուցողական թրեյնինգների շարք, որն ուղղված կլինի տուրիզմի ոլորտում որակյալ կադրերի պատրաստմանը:«Որպես թրեյնինգի բազա` ընտրված է Տուրիզմի հայկական ինստիտուտը և այդ կրթական թրեյնինգների շարքը նոր հնարավորություններ կտա ոլորտում լավ կադրեր պատրաստելու համար»,- ասաց Պետրոսյանը: Նրա խոսքով` առանց որակյալ կադրերի առկայության` ենթակառուցվածքների զարգացումն անիմաստ է:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալի գնահատմամբ` Երևանի համար մեծ պատիվ է այն, որ EURHODIP հյուրանոցային և տուրիստական ասոցիացիայի 2016 թվականի համաժողովը կկայանա հենց Երևանում, քանի որ համաժողովը հյուրընկալող քաղաք դառնալու համար ակտիվ պայքար է ընթանում շուրջ 40 քաղաքների միջև:«Համաժողովին ներկա կլինեն 200 մասնակիցներ և կքննարկեն տուրիզմի ոլորտի ամենաարդիական թեմաները», - հավելեց նա:
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն էլ շնորհակալություն հայտնեց EURHODIP-ի տնօրենների խորհրդի նախագահին իր առաջարկը հավանության արժանացնելու համար:«Սա հնարավորություն կտա մեզ կիրառել Հայաստանում աշխարհի ամենալավ չափանիշները»,- նշեց Մինասյանը: Նա նկատեց, որ մեր երկրի տուրիզմի ոլորտում առաջնային խնդիրներից մեկն այն է, որ հանգստյան գոտիները ոչ թե միայն մեկ կամ երկու սեզոնում, այլ ողջ տարին գրավիչ լինեն զբոսաշրջիկների համար:
Հյուրընկալության եւ տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի (EURHODIP) տնօրենների խորհրդի նիստին մասնակցում են ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Սլովակիայից, Լիտվայից, Սլովենիայից, Շվեյցարիայից, Խորվաթիայից:
EURHODIP-ի անդամներ դառնում են դպրոցների, համալսարանների և ուսումնական կենտրոնների միջազգային ցանցի մի մասը, և նրանց նպատակն է ապահովել բարձրորակ կրթություն հյուրընկանլության ոլորտում Տուրիզմի հայկական ինստիտուտն անդամակցում է EURHODIP-ին 2010 թվականից:Կառույցի կողմից 2013 թվականին Տուրիզմի հայկական ինստիտուտին շնորհվել է առաջին մրցանակ, իսկ վերջին մի քանի տարիներին հայկական ինստիտուտի ուսանողներն ակտիվորեն մասնակցում են EURHODIP-ի կողմից կազմակերպվող ամենամյա Marianne Muller միջազգային ուսանողական մրցույթին և հաղթանակներ արձանագրում: