ՀՀ վարչապետն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցությունը և, այդ համատեքստում, քննարկել երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր:
Անդրադառնալով նախորդ ծրագրի արդյունքներին՝ Մարկ Հորթոնն ընդգծել է դրա շրջանակներում Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացված մի շարք բարեփոխումների փաստը: Իր հերթին, Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները հաստատակամ են շարունակելու տարբեր ինստիտուտների զարգացման ծրագրերը: Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր: