Հայաստանում տեղական ավիափոխադրող ընկերությունների ընտրության մրցույթը կհայտարարվի հոկտեմբերին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղական ավիափոխադրող երեք ընկերությունների ընտրության մրցույթը կհայտարարվի հոկտեմբերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը:«Սեպտեմբերին երևի չենք հասցնի մրցույթը հայտարարել, հոկտեմբերի սկզբներին հավանաբար կհայտարարվի մրցույթը»,-ասաց Նելլի Չերչինյանը` հավելելով, որ McKinsey & Company խորհրդատվական ընկերությունըշարունակում է ուսումնասիրություններ իրականացնել մեր ավիաշուկայում, որից հետո կհրապարակեն արդյունքները:

Ամերիկյան McKinsey & Company ընկերությունը ցանկություն է հայտնել խորհրդատվական աջակցություն տրամադրելու: Ամերիկյան հայտնի ընկերության կողմից փորձ է արվելու օդային փոխադրումների լավագույն տարբերակն առաջարկել Հայաստանին, որպեսզի այն կարողանա ավելի շատ ավիաընկերություններ ներգրավել, իսկ ավիատոմսերը լինեն էժան և մրցունակ:

ՀՀ կառավարությունը հունիսի 6-ի նիստում ընդունել էր փուլային տարբերակով օդային փոխադրումների ազատականացմանն անցում կատարելու ռազմավարությունը, որով նախատեսվում էր ոլորտում ունենալ առնվազն 3 հայկական ավիաընկերություններ, որոնք կընտրվեն մրցութային տարբերակով: Այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով շուկայի ազատականացման, ՀՀ ազգային անվտանգության և տնտեսության վրա ներգործելու տարբերակներում առկա դրական և բացասական հնարավոր հետևանքները: Այսպիսով` Հայաստանի ընդունած «բաց երկնքի» քաղաքականությունը մեր երկրի տնտեսության, մրցակցության ապահովման, ծառայությունների մատուցման հարցերում կունենա դրական ազդեցություն: Միաժամանակ, պետությունը որևէ ավիաընկերության նկատմամբ հովանավորչական պարտավորություններ չի ստանձնելու: Որոշվել էր, որ օդուղիներն ավիաընկերություններին տրամադրվելու են մրցույթներով, հնարավոր է՝ նույն օդուղու վրա աշխատի նաև երկու ավիաընկերություն: Չի բացառվում, որ հայկական ավիաընկերությունները, որոնք գործունեություն են ծավալելու, առաջնային կերպով օգտվելու են սնանկության մասին հայտարարած «Արմավիա»-ի կադրային ռեզերվից: «Արմավիա»-ն ապրիլի 1-ից դադարեցրել էր չվերթները։

Հայերեն Русский