Աշունը ԱՊՀ մշակութային մայրաքաղաքում թեժ է լինելու
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշունը ԱՊՀ մշակութային մայրաքաղաքում թեժ է լինելու: «Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում սեպտեմբերին կմեկնարկի «Կենարար աղբյուր» խորագիրը կրող քանդակագործության միջազգային սիմպոզիումը, կանցկացվի ԱՐՏ-Էքսպո, որին առանձանակի շուքով կներկայանան ինչպես Գյումրին, այնպես էլ հանրապետության այլ քաղաքներ եւ ԱՊՀ երկրները, իսկ սեպտեմբերի 30-ին տեղի կունենա «Հացի տոն»: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետի խորհրդական, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը, ով նաեւ «Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների հանձնաժողովի անդամ է: «Գյումրին մինչ այս ներկայացել է արժանավայել եւ կոչմանն ավելի արժանի էլ կներկայանա առաջիկայում»,-նշեց Հասմիկ Կիրակոսյանը: Նա սխալ համարեց այն կարծիքը, թե մարզերը պասիվ են: «Չի կարելի ասել, որ պասիվ են: Արագածոտնի մարզն արդեն «եկել է» Գյումրի: Մենք նույնպես կայցելենք մարզեր, որի համար ֆինանսները տրամադրված են: Տարվա ընթացքում կունենանք նաեւ արհեստների եւ արվեստների ցուցահանդես, որտեղ իրենց «ունեցվածքով» եւ ուտեստներով կմասնակցեն նաեւ մարզերը: Հացի տոնին տարբեր մարզերի հացերի ցուցադրություն կլինի: Արդյո՞ք սա մարզերի մասնակցությունը չէ մշակութային մայրաքաղաքի միջոցառումներին»,-նշեց Հասմիկ Կիրակոսյանը:
Նա նաեւ ավելացրեց, որ մինչ այս անցկացված բոլոր միջոցառումներին եւս մարզերից մասնակիցներ եղել են՝ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնին մասնակիցներ եղել են հանրապետության բոլոր մարզերից, թատերական «Դուետ» փառատոնին ներկա էր նաեւ թատերախումբ Լոռիից:
Առաջիկայում կայանալիք քանդակագործության միջազգային սիմպոզիումին կմասնակցի 9 քանդակագործ, որից 4-ը` Գյումրիից, մեկական մասնակիցներ` Երեւանից եւ Ստեփանակերտից եւ մեկական քանդակագործով սիմպոզիումին կմասնակցեն նաեւ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը:
Ծրագրի տնօրեն Արթուր Գեւորգյանը նշեց, որ նպատակ ունի դիմելու մարզպետներին՝ իրենց մարզերից եւս մասնակիցներ ներկայացնելու առաջարկով: «Եթե մարզերն իրենց ներգրավվածությունն ունենան նաեւ այս հատվածում, սա կլինի մի հսկայական բարոյաքաղաքական քայլ եւ հոգեւոր-մշակութային ավելի ընդգրկուն տարածք»,-նշեց Արթուր Գեւորգյանը:
2012-ի դեկտեմբերի 5-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Գյումրին հայտարարվել է 2013-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, իսկ Գյումրու հետ 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ են ճանաչվել նաեւ Բելառուսի Մագիլով եւ Ադրբեջանի Գաբալա քաղաքները: Գյումրին իր կոչումը պաշտոնապես ստանձնել է հունիսի 30-ին: