Կարսի նահանգապետը խոստովանել է, որ պատմական Անի քաղաքը լքված վիճակում է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեն հայտարարել է, որ թեեւ պատմական Անի քաղաքում հնագիտական պեղումներ իրականցվում են, սակայն, կատարվող աշխատանքները բավարար չեն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, Թեփեն նշել է, որ Անիի ավերակները կարեւոր դեր եւ նշանակություն ունեն զբոսաշրջությունը Կարսում զարգացնելու գործում:
«Ցավոք, Անին արդեն մի քանի տարի է` լքված վիճակում է: Թեւ մանր-մունր աշխատանքներ կատարվում են, սակայն, այդ գործերի համար մեր բյուջեն շատ փոքր է, եւ այս տեմպերով, նույնիսկ 50 տարում չենք կարող ոտքի կանգնեցնել Անին», -ասել է նա:
Հազարումեկ եկեղեցիների քաղաք Անին Հայաստանի մայրաքաղաք է հռչակվել 1050 տարի առաջ` Բագրատունի Աշոտ Գ (Ողորմած) թագավորի կողմից: Անին եղել է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքը: Այն գոյություն է ունեցել Նոր քարի դարաշարջանից սկսած: 5-9-րդ դարերում Անին ամրոց է եղել, 9-16-րդ դարերում` մշակութային եւ տնտեսական կարեւոր կենտրոն եւ ունեցել է շուրջ 100 հազար բնակիչ: Քաղաքն իր անունն ստացել է Դարանաղի (Կամախ) գավառի Անի բերդաքաղաքից, որը հանդիսացել էր հեթանոս հայերի կրոնական կենտրոնը: Անին առաջին անգամ հիշատակվել է 5-րդ դարում: Անին դիմացել է բազմաթիվ պատերազմների, հարձակումների եւ պաշարումների, բայց 1131 թ-ի հզոր երկրաշարժն ավերակների է վերածել քաղաքը: Այսօր UNESCO-ն Անիի ավերակները ճանաչում է որպես համաշխարհային մշակութային ժառանգություն: