Հասարակական

Հայաստանն ITU է ներկայացրել իր արբանյակի ուղեծրային դիրքի գրանցման հայտ

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ITU է ներկայացրել իր արբանյակի ուղեծրային դիրքի գրանցման հայտ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը գեոստացիոնար ուղեծրային դիրքի իրավունքի գրանցման նպատակով համապատասխան միջազգային հայտ է ներկայացրել Հեռահաղորդակցության միջազգային միությանը (ՀՄՄ-ITU): Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը: «Հայաստանի Հանրապետության արբանյակային ծրագրերին հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով ոլորտի մի շարք միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններ սկսելու ուղղությամբ տարվում են նախապատրաստական աշխատանքներ»,-նշեց նա: Գրիգորյանը նշեց, որ ՀՄՄ-ի կողմից ուղեծրային դիրքի իրավունքի գրանցման և հետազոտական աշխատանքների ավարտից հետո միայն հայտնի կլինեն մանրամասնություններ արբանյակի նախագծման և կառուցման, ֆինանսական աղբյուրների, արբանյակի արձակման ժամկետների և կոմերցիոն նպատակների վերաբերյալ: Հայաստանի կողմից սեփական կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար կապի արբանյակային ուղեծրային դիրքում տեղակայման գործընթացն իրականացնելու նպատակով կառավարությունը հիմնադրել է «Արմկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը:

Նշվել է, որ Չինաստանի ամենամեծ և ազդեցիկ պետական ընկերություններից մեկը հետաքրքրված է Հայաստանի արբանյակային ծրագրի համաֆինանսավորմամբ:

Հայաստանի արբանյակային ծրագրի իրականացման նախնական արժեքը գնաահատվել է 250 միլիոն ԱՄՆ դոլար, որի մի մասը նախատեսվում է ներգրավել մասնավոր ներդրողներից: Առաջին արբանյակը կկոչվի «Արմսաթ», որի տիեզերք արձակման ժամկետները ճշտվում են, այն կօգտագործվի կոմերցիոն նպատակներով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում