Հայաստանի հանքավայրերում օգտակար հանածոների արժեքը ավելի քան 4 տրիլիոն դոլար է. երկրաբան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հանքավայրերում օգտակար հանածոների արժեքը կազմում է ավելի քան 4 տրիլիոն դոլար, որը հսկայական թիվ է Հայաստանի նման փոքր պետության համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը։ Նրա խոսքով՝ տարածված այն կարծիքը, որ մեր պետությունը բնական ռեսուրսներից աղքատ երկիր է, չի համապատասխանում իրականությանը։ «Մեր երկիրը շատ հարուստ է ոչ մետաղական նստավածքային ապարներով, որոնց քանակը չափվում է միլիարդավոր տոննաներով։ Մենք ունենք նաև մետաղական հանածոների մեծ ծավալներ, հատկապես պղնձամոլիբդենային հանքանյութեր։ Քաջարանի հանքավայրի վերջին ուսումնասիրությունների արդյունքում ընդերքում հայտնաբերվել է սկանդիում, որի մեկ տոննան արժե ավելի քան 5 մլն դոլար: Նույն հանքավայրում հայտնաբերվել են նաև թանկարժեք այլ հանածոներ, ինչպես վանադիում, կապար, ցինկ, պիրիտ»,- նշեց Ավագյանը։ Նրա գնահատմամբ՝ Քաջարանի արտահաշվեկշռային օգտակար հանածոները 3 մլրդ տոննայից ավելի են։

Երկրաբանի խոսքով՝ Հայաստանի հանքանյութերից գնահատելի են երկաթի հանքավայրերը, որոնք դեռ չեն շահագործվում։ «Մենք ունենք երկաթաքարի վեց հանքավայր, դրանցից չորսն արդեն ուսումնասիրվել են, և դրանց արժեքը գնահատվում է ավելի քան 2,5 տրիլիոն դոլար։ Բացի դրանից, երկաթի պարունակություն մեջ կան թանկարժեք հանքանյութեր, որոնց ծավալները քիչ են աշխարհում»,- ասաց Ավագյանը։ Նրա խոսքով՝ կա նաև ոսկու բազմամետաղային հանածոների բավականաչափ ծավալներ Սոտքի հանքավայրում, որը գնահատվում է ավելի քան 74 մլրդ դոլար։

Հրաչյա Ավագյանը նշեց, որ հետախուզված հանքավայրերի մեծ մասը պիտի շահագործվեն։ «Սակայն Հայաստանում հանքավայրերի շահագործման դեպքում կորզվում է մետաղների միայն 60-70 տոկոսը, այնինչ պետք է կորզվեր ավելի քան 94 տոկոսը։ Չկորզված մետաղները թափվում են պոչամբարներ, որը մեծ կորուստ է, և միևնույն ժամանակ վտանգավոր է շրջակա միջավայրի և առողջության համար»,- ասաց երկրաբանը։

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնի է շուրջ 60 օգտակար հանածոների 565 հանքավայր։ Հայաստանի տարածքը բաժանվում է երեքմետաղածին գոտու` Ալավերդի-Կապան, Փամբակ-Զանգեզուր և Սևան-Ամասիա: Երկաթի հանքավայրերը գտնվում են հանրապետության կենտրոնական, հյուսիսային և հարավ-արևելյան շրջաններում։Ոսկու հանքավայրերը շահագործվում են Սոտքում և Մեղրաձորում:

Հայերեն English Русский