Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ն կունենա իր թեկնածուն
2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 7-ին Կապանում տեղի ունեցավ ՀՀԿ Սյունիքի մարզային խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Նիստի հիմնական խնդիրը Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում կուսակցության կողմից առաջադրվելիք թեկնածուի ընտրությունն է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Կապանից, մինչ այդ տեղի էր ունեցել կուսակցության շրջանային խորհրդի նիստը, որտեղ միաձայն որոշվել էր ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրել Արմեն Կարապետյանին: Կուսակցության մարզային խորհրդի նիստը եւս միաձայն հաստատել է Արմեն Կարապետյանի թեկնածությունը:
Արմեն Կարապետյանը 2002-2008թթ.-ին եղել է Կապանի քաղաքապետ, իսկ 2011 թվականից Սյունիքի մարզպետի խորհրդականն է: Վերջինս նախկինում զբաղեցրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Սյունիքգազ գազիֆիկացման եւ գազմատակարարման» մարզային մասնաճյուղի տնօրենի պաշտոնը: Չնայած օգոստոսի 5-ից սկսվել է թեկնածուների փաստաթղթերի ընդունումը, սակայն, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 38 ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանը, առայժմ, առաջադրումներ չկան: Թեկնածուների առաջադրման ժամկետը կլրանա օգոստոսի 15-ին, ժամը 18.00-ին: Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը նախկինում եղել է ՀՀԿ անդամ Վահե Հակոբյանը, ով այժմ զբաղեցնում է Սյունիքի մարզպետի պաշտոնը: