ՄԱԶԾ-ն և ԱՀԱԸ-ն համալսարանական շրջանավարտներին աջակցում են աշխատաշուկա մտնելու հարցում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) համահովանավորությամբ իրականացված «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագրի չորրորդ փուլն ավարտվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԶԾ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի արդյունքում վաթսուն հայ համալսարանական շրջանավարտներ վճարովի պրակտիկայի հնարավորություն են ստացել քսանմեկ տեղական ընկերություններում: Շրջանավարտներից երեսունը հիմնական աշխատանքի են անցել այն ընկերություններում, որտեղ պրակտիկա են անցել: Ակնկալվում է, որ մնացած երեսունն էլ շուտով աշխատանք կգտնեն, քանի որ ձեռք են բերել արժեքավոր աշխատանքային փորձ:

«Հայաստանում երիտասարդների գործազրկության հարցը զարգացման առանցքային մարտահրավեր է, և առաձնահատուկ է կրթություն ստացած երիտասարդների հարցը: Մի կողմից` երիտասարդները խոչընդոտներ են ունենում արժանապատիվ աշխատանք գտնելիս, քանի որ չունեն աշխատանքային փորձ: Մյուս կողմից էլ ընկերություններն ու կազմակերպությունները նշում են, որ նորավարտ շրջանավարտները պատրաստ չեն անմիջապես աշխատանքի անցնել, քանի որ չունեն աշխատանքային փորձ, հմտություններ և գործնական գիտելիքներ իրենց մասնագիտական ոլորտում: Այդ իսկ պատճառով մենք, համագործակցելով ԱՀԱԸ-ի հետ, փորձել ենք օժանդակել գործազուրկ երիտասարդների սահուն անցումը աշխատանքային շուկա»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՀԱԸ-ն և ՄԱԶԾ-ն հաստատել են սերտ գործընկերային հարաբերություններ, քանի որ կիսում են միմյանց մտահոգությունները` կապված Հայաստանի տնտեսական պայմանների հետ: Երկու կազմակերպություններն էլ մտահոգ են երիտասարդների գործազրկության խնդրով, որը հանգեցրել է Հայաստանից երիտասարդության զանգվածային արտահոսքի: «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագիրը կօգնի, որ երիտասարդները մնան Հայաստանում: Մեր նպատակն է շարունակել այս ծրագիրը»,- նշել է Հայաստանում ԱՀԱԸ-ի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը:

ԱՀԱԸ-ի գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանն էլ իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Մենք բարձր ենք գնահատում ՄԱԶԾ-ի հետ մեր համագործակցությունը: Միասին մենք կարող ենք զգալի արդյունքների հասնել` օգնելով երիտասարդներին աշխատանք գտնելու և երկրում մնալու հարցում: Երկու կազմակերպություններն էլ ուսումնասիրում են աշխատանք և եկամուտ ապահովող այլ ծրագրերի իրականացման հնարավորություններ` օգնելու նվազեցնել երիտասարդների գործազրկությունը Հայաստանում: Մենք նաև շատ գոհ ենք բնապահպանական շինարարության ոլորտում մեր համագործակցությունից»:

Վաթսուներեք հայաստանյան ընկերություններ և կազմակերպություններ ՏՏ-ի, տուրիզմի, ապահովագրության, ֆինանսների, սննդի վերամշակման, կրթության և այլ սեկտորներից, դիմել են վեց ամսով պրակտիկանտներ ընդունելու հայցով: Մոտավորապես ութ հարյուր շրջանավարտներ են դիմել պրակտիկայի թափուր աշխատատեղերի համար և վաթսունն ընտրվել են ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների և տեղական ընկերությունների կողմից մրցակցային սկզբունքով անցկացված հարցազրույցների արդյունքում: Ամենամեծ թվով շրջանավարտներ ընդունել են ֆինանսական և ՏՏ սեկտորները (27 տոկոս և 15 տոկոս համապատասխանաբար): Բարձրագույն ուսումնական հաստատությունները նույնպես ակտիվ էին` շրջանավարտներին վարչական տարբեր ստորաբաժիններում աշխատանքի ընդունելով:

«Երիտասարդների առաջխաղացման արահետ»-ը վճարովի պրակտիկայի ծրագիր է, որը համալսարանական շրջանավարտներին հնարավորություն է տալիս առաջին անգամ ներգրավվելու իրենց կրթությանը համապատասխանող աշխատանքում և ձեռք բերելու արժեքավոր աշխատանքային փորձ ու գործնական գիտելիքներ, որը կնպաստի նրանց մրցունակությանն աշխատաշուկայում:

2007-2009 թվականներին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն իրականացրել է «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագրի երեք փուլ, ինչի արդյունքում այն մեծ ճանաչում և պահանջարկ է ձեռք բերել ինչպես բուհերի շրջանավարտների, այնպես էլ գործատուների շրջանում: Ընդհանուր առմամբ, հարյուր տասնութ նորավարտ երիտասարդներ ԵԱԱ պրակտիկա են անցել Երևանում և Հայաստանի վեց մարզերում, և պրակտիկանտների մոտ հիսուն տոկոսին ծրագրի ավարտից հետո մշտական աշխատանք է առաջարկվել գործատու կազմակերպությունների կողմից:

Հայերեն