«Մեղրի տոն» Գյումրիում
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հուլիսի 24-ին անցկացվեց «Մեղրի տոն»: Նախաձեռնությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի Շիրակի մարզի Թրփանջյան կենտրոնին էր ՝ «Գյուղական համայնքների զարգացման ծրագրի» շրջանակներում: Համտես-վաճառքին ներկայացած մեղվապահները «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հաստատեցին, որ մեղվապահությունը եւ մեղվաբուծությունը շահավետ կարող է լինել՝ նվիրման դեպքում:
Զարմանալի է, բայց մեղվապահությունն այսօր նաեւ երիտասարդներին է գրավում: Մարզի Բյուրակն համայնքի բնակիչներ Արմեն եւ Արտյոմ Սարգսյանների համար, ովքեր թեեւ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ են, մեղվապահությունը սիրած զբաղմունքից վերածվել է բիզնեսի: «Մեղվապահությունը ինձ գրավեց: Ընտանիքում նախկինում մեղվապահներ չենք ունեցել:Հիմա զբաղվում ենք երկուսով՝ ես ու եղբայրս: Սկզբում 1 փեթակ էր, ապա 8-ը, իսկ «Գյուղական համայնքերի զարգացման ծրագրի» աջակցությամբ դարձան 40-ը, բայց նպատակ ունեմ սա մեծ բիզնես դարձնել եւ փեթակները շատացնել»,- նշեց Արմեն Սարգսյանը՝ չմոռանալով ավելացնել, որ իր ներկայացրած Բյուրակնի մեղրը ալպիական է եւ անարատ:
«Հայաստանի ամերիկյան համասարանի Շիրակի մարզում գործող Թրփանջյան կենտրոնի «Գյուղական համայնքների զարգացման ծրագրի» նպատակը մարզի փոքր ու միջին ձեռներեցներին աջակցելն է: Ծրագիրը ներառում է 4 բաղադրիչ՝ դասընթաց, վարկավորում, շարունակական հետեւողականություն եւ ցանցի ստեղծում, ինչը կօգնի ապրանքի իրացմանը, իսկ այսօրվա նպատակը ծրագրի մեղվապահությամբ զբաղվող շահառուների համար իրացման որոշակի դաշտի ստեղծումն է»,- նշեց Հայաստանի ամերիկյան համասարանի Թրփանջյան կենտրոնի «Գյուղական համայնքերի զարգացման ծրագրի Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Զորայր Կիրակոսյանը: Վերջինս նաեւ ավելացրեց, որ մեղվապահությունը եկամտաբեր է. եթե մեղվապահն ազնիվ է եւ կարողանում է վստահություն ձեռք բերել, ապա սպառման խնդիր չի ունենա: