Հասարակական

Հայաստանում տուրիստներն իրենց անվտանգ են զգում. էկոտուրիզմի մասնագետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանում տուրիստներն իրենց անվտանգ են զգում. էկոտուրիզմի մասնագետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում էկոտուրիզմի զարգացման համար կան մի շարք կարևոր նախադրյալներ, այդ թվում` Հայաստանի բացառիկ կենսաբազմազանությունը` թե ֆլորայի, թե ֆաունայի առումով, երկրաբանական բազմազանությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Էկոտուրիզմի մասնագետ, ուղեկցորդ Ապրես Զոհրաբյանը: «Հայաստանի երկրաբանական լանդշաֆտների առումով հնարավոր է տեսնել այնքան լանդշաֆտ, որքան` ողջ աշխարհում: Այդ տեսանկյունից տուրիստները մեծ գումարներ են խնայում: Բացի դրանից, կարևոր նախադրյալ է մեր ժողովրդի մշակույթի մեջ առկա հյուրասիրությունն ու Հայաստանում ցածր կրիմինալ մակարդակը. այստեղ տուրիստներն իրենց անվտանգ են զգում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հավելեց Ապրես Զոհրաբյանը:

Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն, «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանն էլ, խոսելով դեպի Ծաղկաձոր տուրիստական հոսքերի մասին, նշեց, որ վերջին տարիներին ընդհանուր առումամբ ավելացել է զբոսաշրջիկների հոսքը Ծաղկաձոր, ինչի մասին վկայում են վերջին հինգ տարիներին նոր հյուրանոցների շահագործումն այնտեղ: «Ներքին տուրիզմը բավականին զարգացել է: Դրա վառ ապացույցն է այն, որ ամռան ամիսներին Ծաղկաձորի հանգստանյան տներում հանգստանալու համար անհրաժեշտ է նախապես պատվիրել տեղեր»,-հավելեց Մովսես Մանուկյանը:

Ապրես Զոհրաբյանն, անդրադառնալով Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանը խոչընդոտող գանգամանքներին, նշեց պետական ուշադրության բացակայությունը, գիտություն-բիզնես թույլ կապը, ինչպես նաև մեր մշակույթում արմատացած այն երևույթը, որ մեր ունեցածը չենք գնահատում:

Հարցին ի պատասխան` արդյո՞ք էկոտուրիզմի զարգացմանը չի խոչընդոտում տուրիստական վայրերում աղբի առկայությունը` Ապրես Զոհրաբյանը նշեց, որ դա խանգարում է, բայց չի կարող պատճառ դառնալ, որ էկոտուրիզմը Հայաստանում չզարգանա: «Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք աղբից զերծ են: Հայաստանի մոտ 500 բնակավայրեր չունեն աղբի վերամշակման վայեր, բնականաբար, դա կարող է ազդել: Բայց դա չի նշանակում, որ այստեղ չի կարող էկոտուրիզմը զարգանալ»,-եզրափակեց Ապրես Զոհրաբյանը:

2013թ. հունվար-մարտին հանրապետություն են ժամանել128 հազար 237 զբոսաշրջիկներ: 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբցուցանիշն աճել է 22.9%-ով: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակովհանրապետությունից մեկնել է 137 128 մարդ կամ 2012թ. հունվար-մարտինկատմամբ ցուցանիշն աճել է 14.2%-ով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում