Մշակույթ

Հոբելյանական «Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամները փառատոնից տպավորված են հեռանում

6 րոպեի ընթերցում

Հոբելյանական «Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամները փառատոնից տպավորված են հեռանում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնն արդարացրեց կազմակերպիչների սպասելիքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 14-ին փառատոնի ամփոփիչ ասուլիսի ընթացքում «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ այս տարի Հունգարացի ճանաչված ռեժիսորԻշտվանՍաբոն իր ժամանելու առաջին օրերինդժգոհ էր հայերից, Հայաստանից, փառատոնից, սակայն մի քանի օր անց նա նույնպես դարձավ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը:«Սաբոն նոր երկրագունդ էր հայտնաբերել իր համար Հայաստանում, նա արդեն երրորդ օրվանից շատ «փափկեց» եւ նվիրվեց Հայաստանին, դա մեր փառատոնի բարեկամներին բնորոշ հատկանիշներից է»,-պատմեց Խաչատրյանը: Նրա գնահատմամբ` «Ոսկե ծիրան»-ը միայն արվեստի մասին չէ, այլեւ մարդկային հարաբերությունների:

Փառատոնի հիմնադիր-տնօրենն անկեղծացավ, որ դժգոհ է իրենից, քանի որ չի հասցրել բոլոր ֆիլմերը նայել, ինչպես նաեւ հոբելյանական փառատոնի բացթողումներից մեկն այն էր, որ այս տարի եւս «Ոսկե ծիրան»-ն իր համար նախատեսված առանձին կենտրոն չունեցավ, որպեսզի զանգվածային լրատվական միջոցները եւ մասնակիցները կարողանան ավելի հարմարավետ պայմաններում աշխատել:Նա շեշտեց, որ յուրաքանչյուր աշխատանք հնարավոր է իրականացնել միայն բարության միջոցով:

«Շատ սիրեցի Հայաստանը, առաջին անգամ եմ այստեղ: Նախքան այդ` 20 տարի առաջ, հայկական ֆիլմերի ծրագիր եմ իրականացրել Պոմպիդու կենտրոնում, որտեղ ներկայացված էր 120 հայկական ֆիլմ, ոչ միայն Հայաստանից, այլեւ Սփյուռքից»,- ասաց «Հայկական համայնապատկեր» ծրագրի ժյուրիի անդամ Ժան Ռադվանին:Նրա կարծիքով` կարեւոր է, որ փառատոնին մասնակից ֆիլմերը առանձնացան նաեւ իրենց ժանրային եւ բովանդակային տարբերությամբ:

«Իրականում բարձր եմ գնահատում փառատոնի դերը, որովհետեւ այն միտված է հանրությանը ցույց տալու, թե ինչպիսին է այսօր հայկական կինոարտադրությունը, ինչ միտումներ կան»,- ասաց ժյուրիի անդամ Դեյվիդ դ'Արսին: Նա նշեց, որ համեմատած նախորդ հինգ տարիների, էական տաբերություն է տեսնում հայկական կինոարտադրության մեջ:

«Մենք ստացանք իսկապես հետաքրքիր ֆիլմեր, որոնք արծարծում էին հետաքրքիր թեմաներ: Մենք ունեցել ենք երկար եւ հետաքրքիր քննարկումներ արդյունքների հետ կապված, եւ ես շատ տպավորված էի ֆիլմերի որակով եւ առհասարակ ողջ կազմակերպչական աշխատանքով»,- նշեց Միջազգային վավերագրական ֆիլմերի ժյուրիի անդամ Օսման Քավալան` հավելելով, որ կինոփառատոնը լավ հարթակ է նաեւ Հայաստանից եւ Թուրքիայից կինոարտադրողների հանդիպման համար:

«Մենք դիտեցինք 13 ֆիլմ, որոնց մեջ կային երկու հայկական ֆիլմեր: Մենք նկատեցինք, որ ֆիլմերը կապված են իրար թեմատիկ առումով եւ մեզ հետաքրքրեց, թե ինչու էր այդպես ստացվել: Պետք է ասեմ, որ ֆիլմերը ծանր էին եւ ողբերգական գործեր, եւ անուղղակի կամ ուղղակի ձեւով փառատոնն այս անվանակարգում ընտրել էր այնպիսի ֆիլմեր, որոնք տարածաշրջանային կամ բարոյական հարթության մեջ առնչվում են Հայաստանի հետ»,- իր գնահատականը տվեց Միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի կազմի անդամ Սերժ Ավետիքյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու ժյուրին այս անվանակարգում մրցանակ չտվեց Վիգեն Չալդրանյանի «Ձայն Լռության» ֆիլմին` Ավետիքյանը նշեց, որ այն որպես ֆիլմ հիմնված էր թատերական ոճի վրա եւ հարաբերությունը ռեժիսորի ու կերպարի մինջեւ, իբրեւ դերասան իրեն թվաց ոչ շատ հիմնավոր:

Կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Կինոփառատոնն արժանացավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակին:

Փառատոնն այս տարի ստացել էր շուրջ 1200 հայտ` աշխարհի 94 երկրներից, 2012 թվականի 67 երկրի փոխարեն, ինչը վկայում է, որ «Ոսկե ծիրան»-ի հանդեպ միջազգային ուշադրությունը գնալով մեծանում է:Կինոփառատոնն այս տարի եւս ներկայացավ լիամետրաժ, վավերագրական, «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային, ինչպես նաեւ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրերով:

Կինոփառատոնն այս տարի լուսաբանեցին ոչ միայն հայաստանյան ԶԼՄ-ները, այլեւ միջազգային ճանաչում ունեցող հեռուստաալիքներ, որոնց թվում են` Euronews-ը, «Կուլտուրան», The national-ը, Site and sound-ը:

Հոբելյանական տարում փառատոնում հուրընկալվեցին կինոյում մեծ վաստակի համար «Փարաջանովյան թալլերի» արժանացած նշանավոր կինոգործիչներ Քշիշտոֆ Զանուսին, Գոդֆրի Ռեջիոն, Յոս Ստելինգը: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվեց աշխարհահռչակ երգահան-շանսոնյե, կինոդերասան Շառլ Ազնավուրի աստղը:

«Ոսկե ծիրան»-ն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ փառատոնի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում