ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում ռեժիսոր Մարիա Սահակյանի «Միջազգային խաղարկային մրցույթ» եւ «Հայկական համայնապատկեր» մրցույթային ծրագրերում ներկայացված «Այս ես չեմ» ֆիլմն անդրադարձ է դեռահասության տարիքի աղջկա կյանքին: Ռեժիսորի հավաստմամբ` 14-ամյա Եվրիդիկեի պատմությունը ընդհանրական է, եւ ֆիլմում արծարծված դեռահաս տարիքին վերաբերող խնդիրները ընդհանուր են բոլորի համար` անկախ ազգային պատկանելությունից: Ի դեպ, ֆիլմին հանդիսատեսը նույն ոգեւորությամբ արձագանքել է թե Լոնդոնում, թե Մոսկվայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆիլմի գաղափարը ծնվել է այն բոլոր զգացողություններից, որոնք նա հիշում է իր դեռասահասության շրջանից: «Դա մի ժամանակահատված է, որտեղ այլեւս չես կարող վերադառնալ»,- ասաց ռեժիսորը: Նրա խոսքով` հայկական շարականի իմաստին մոտեցող 9 մասից բաղկացած տաղի սկզբունքով ֆիլմը շարունակում է զարգացնել իր առաջին լիամետրաժ աշխատանքի` «Փարոսի» բանաստեղծական մտահղացումը: Պատումի կենտրոնում 14-ամյա աղջիկա` Եվրիդիկեի աշխարհն է, ով ապրում է հասունացման տարիքի առաջին հուզավառ զգացմունքները:
Ֆիլմը տպավորիչ եւ գեղարվեստական գույներով ներկայացնում է հերոսուհու անձնական աշխարհը, որը պտտվում է ինտերնետային չաթի սենյակների եւ բջջային տեսապատկերների շուրջը: Կինոնկարի յուրօրինակությունը պատկերների եւ պոեզիայի երազային աշխարհն է, որտեղ հայկական բնապատկերը եւս իր դերն ունի: Սահակյանի հավաստմամբ` ֆիլմը կոչված է արտացոլելու սիրո տարբեր դրսեւորումները:
Ռեժիսորը խոստովանում է, որ հաճախ շատ քիչ բյուջե ունենալով ձեռնամուխ է լինում նոր ֆիլմ նկարահանել, քանի որ առաջնորդվում է «կամ հիմա, կամ երբեք» սկզբունքով:
«Ֆլրոիստ» անվանումով ֆիլմը նկարահանելու համար ռեժիսորին անհրաժեշտ է 1 միլիոն 357 հազար եվրո, որը, սակայն, դեռեւս հայթայթման փուլում է:
Երեք երեխաների մայր Սահակյանը նաեւ անկեղծացավ, որ ամեն ինչ միանգամից հասցնելու ձգտումը իրեն փոքր-ինչ հեռացնում է ընտանիքից, սակայն որպես կին ռեժիսոր նա իրեն այս մասնագիտության մեջ լիովին հարմարավետ է զգում:
Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թվականին Երեւանում: 1992 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: 1996 թվականին ընդունվել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարան` Վլադիմիր Կորոբինի արվեստանոցում ռեժիսուրա եւ անիմացիա ուսուցանելու: 2000-2003 թվականներին մուլտիմեդիա հանրագիտարանի համար նկարահանել է մի շարք կարճամետրաժ աշխատանքներ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին:
2007-08 թվականներին Սահակյանը սկսել է զարգացնել «Գյումրի 1946» նախագիծը, որը հայերի անփնական պատմություններ են եւ ձեռնարկել է «Այդ ես չեմ» ֆիլմի սցենարը, որի պրոդյուսերներն են Վիկտորյա Լյուպիկը, Արմեն Մանասերյանը եւ Գեւորգ Գեւորգյանը:
Սահակյանը մրցանակների է արժանացել Բելգրադի B2B, երեւանյան «Ոսկե ծիրան»-ի «Ռեժիսորներ` առանց սահմանների» ծրագրի կողմից եւ 2009-ին մասնակցելու Թուրինի FilmLab մշակման ծրագրին: Նրա ֆիլմացանկի ամենահայտնի ֆիլմերից են «Էնտրոպիան», «Նախոդկան», «Հրաժեշտ»-ը, «Փարոսը»:
2013 թվականին Սահակյանը արժանացել է նաեւ Ազգային կինոյի «Հայակ» մրցանակին: