Պաշտոնական

Շնորհավորանքներ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա առիթով

4 րոպեի ընթերցում

Շնորհավորանքներ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա առիթով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը: «Արմենպրես»-ը միանում է բոլոր շնորհավորանքներին և մաղթում Նախագահ Սարգսյանին ամենայն բարիք:

Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչեւ 1979 թվականը: 1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար: 2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունը: 2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ:

2008թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչեւ 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ: Երեւանի պետական համալսարանի խորհրդի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Ստացել է Արցախի հերոսի կոչում, «Ոսկե արծիվ» շքանշան, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» շքանշաններ, պետական այլ պարգեւներ: Ամուսնացել է 1983 թվականին: Կինը` Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում` զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է: Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը, եւ երեք թոռնիկ` Մարիամը, Արան ու Սերժը:

Երկրի ղեկավարը ծննդյան տոնը կնշի ընտանեկան մթնոլորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում