Տարածաշրջանային

Թուրք միջազգայնագետը համեմատության եզրեր չի տեսնում Թուրքիայում ծագած շարժման ու «Արաբական գարնան» միջև

3 րոպեի ընթերցում

Թուրք միջազգայնագետը համեմատության եզրեր չի տեսնում Թուրքիայում ծագած շարժման ու «Արաբական գարնան» միջև

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ժողովրդավարացման գործընթացների սխալ կազմակերպումը ի վերջո երկրում սկիզբ դրեցին հակակառավարական շարժումների: Այս մասին հունիսի 28-ին կայացած «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները» թեմայով կոնֆերանսի ժամանակ ասաց ARI շարժման տնօրեն, թուրք միջազգայնագետ Մերթ Խայհանը: «Ես համոզված եմ, որ ժողովրդավարացումը նման է հեծանիվ վարելուն, իսկ շարժվող հեծանիվի վրա կանգնել չես կարող, քանի որ այդ դեպքում կընկնես»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ ընդգծելով, որ այսօր Թուրքիայում հենց սրա դրսեւորումներն են արտահայտվում:

Խայհանն անդրադարձավ Թուրքիայում ծայր առած շարժման «արաբական գարնան» հետ համեմատությանը՝ նշելով, որ համաձայն չէ դրա հետ: «Թուրքիայում երիտասարդները չեն պայքարում կառավարությունը տապալելու համար, նրանք չեն պայքարում սահմանադրական կարգի դեմ, սակայն Թուրքիայի կառավարությունն այսքանը դեռեւս չի ընկալել եւ ի վիճակի էլ չէ ընկալելու»,-ասաց նա:

Նա նշեց, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարը Գեզի այգու համար պայքարող անհատներին հրավիրել է իր մոտ եւ առաջարկել է երիտասարդական կուսակցություն ձեւավորել, ինչը կնպաստի երկրում ժողովրդավարական կարգերի հաստատմանը: «Հենց այստեղից էլ երեւում է, որ կառավարությունը սխալ է հասկացել շարժման էությունը»,-ասաց Խայհանը: Նրա խոսքով՝ շարժման մասնակիցները գիտեն, որ կարող են մասնակցել երկրում ծավալվող քաղաքական իրադարձություններին, սակայն նրանց խնդիրը ոչ թե դա է, այլ Թուրքիայում մարդու իրավունքների վարչակարգի հիմնումը:

Նա նշեց, որ ժողովրդավարացման գործընթացը սկսող պետությունը չի կարող կանգ առնել եւ պետք է մինչեւ վերջ առաջ տանի այդ գործընթացը, քանի որ մարդիկ այդ դեպքում միշտ ավելին են պահանջում: Հարավային Կովկասի երկրները, որոնք որդեգրել են այդ ուղին, այս ամենը պետք է հաշվի առնեն:

Թուրքիայում շուրջ 3 շաբաթ տեղի են ունենում հակակառավարական ցույցեր, որոնք սկսվեցին այն բանից հետո, ինչ մայիսի 31-ին ոստիկանությունը դաժանորեն ցրեց Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Գեզի այգու պաշտպաններին: Ծառերի մի մասը պետք է կտրվեին կառավարության որոշմամբ հրապարակի վերակառուցման շրջանակում: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական ցույցերի, որի մասնակիցները դժգոհ են իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում են կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 5 մարդ է զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակալվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում