Հասարակական

Դրաստամատ Կանայանի անվան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը դարձավ ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի անդամ

3 րոպեի ընթերցում

Դրաստամատ Կանայանի անվան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը դարձավ ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի անդամ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հունիսի 26-ին դարձավ ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի անդամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդամության հուշագիրը ստորագրվեց «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական- անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի ընթացքում: Փաստաթուղթը ստորագրվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի համաձայնությամբ:

ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիան մշակում է կառույցի անդամ երկրների միացյալ ինֆորմացիոն քաղաքականությունը: Ասոցիացիան զբաղվում է նաեւ գործարար կապերի հաստատմամբ, տեղեկատվության փոխանակմամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների համագործակցության ընդլայնման նպատակով: ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի նախագահն է Նիկոլայ Բորդյուժան:

Երեւանում հունիսի 26-27-ն ընթանում է «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձեւավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը, որին զեկույցներով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը եւ այլք: Ֆորումին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի պլանային զարգացումն ու կատարելագործումն, անկասկած, կնպաստի Կազմակերպության պատասխանատվության ներքո գտնվող շրջանում կայունության ու անվտանգության ապահովմանը եւ միջազգային անվտանգության համակարգում նրա հեղինակության բարձրացմանը»,-ուղերձում ասել է ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ մյուս դաշնակիցների հետ վերածվել է կառույցի նորացման ուղղությամբ ստեղծագործական գաղափարների փոխանակման հարթակի:

Ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի քարտուղարությունն ու ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առեւտրային կազմակերպությունը: Ֆորումին մասնակցում են ՀՀ Զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ եւ այլք:

Առաջին ֆորումը, «ՀԱՊԿ-ն եւ Հարավային Կովկասը. տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարները» խորագրով, անցկացվել է 2011-ի մայիսի 19-20-ը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում