Սփյուռք

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է սիրիահայության աջակցությանն ուղղված ծրագրերը

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է սիրիահայության աջակցությանն ուղղված ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայության աջակցության ծրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել մեր հայրենակիցներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամի մամուլի ծառայությունից, արդեն իսկ իրականացվել են ծրագրեր առողջապահության, կրթության եւ սոցիալական ոլորտներում: 2013թ. հունիսի դրությամբ 100000 եվրո (Ֆրանսիայի տեղական մարմին), 12000 եվրո (Գերմանիայի տեղական մարմին) եւ 100000 ԱՄՆ դոլար (Լիբանանի տեղական մարմին) ուղղվել են Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների տարբեր կարիքների լուծմանը, գումարի զգալի մասը հատկացվել է Հալեպի հայկական վարժարանների ուսուցիչներին` որպես աշխատավարձ:

Հիմնադրամի Բրազիլիայի, Արգենտինայի եւ Շվեդիայի տեղական մարմինների հանգանակած գումարներով փոխհատուցվել է 110 սիրիահայ ուսանողի ուսման վարձը, ինչպես նաեւ 6 սիրիահայի սրտի վիրահատության եւ երեքի հուղարկավորության ծախսերը: Հիմնադրամի Արեւմտյան ափի տեղական մարմնի հավաքագրած 10000 ԱՄՆ դոլարով նյութական օժանդակություն է ցուցաբերվել Երեւանի Կիլիկյան դպրոցին, որտեղ սովորում են Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաներ: Գործարարներ Հրայր Հովնանյանի եւ Արա Աբրահամյանի նվիրաբերած միջոցներով Հիմնադրամը ֆինանսավորել է Հալեպ-Երեւան-Հալեպ չվերթները:

Սիրիահայերին օգնություն ցուցաբերելու նպատակով բացված բանկային հաշվին փոխանցված գումարները ձեւավորվել են մասնավորապես Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ Արեւմտյան ափի, Արգենտինայի, Բրազիլիայի, Լիբանանի, Շվեդիայի տեղական մարմինների` Հեռուստամարաթոն 2012-ի շրջանակներում հավաքագրված գումարներից, ինչպես նաեւ Հայաստանի եւ արտերկրի տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նվիրատվություններից (այդ թվում` Հրայր Հովնանյան, Արա Աբրահամյան, Փեթակ ՍՊԸ, Հայռուսգազարդ ՓԲԸ, Գալուստանյան Րաֆֆի բարեգործական կենտրոն, ՀՀ դատավորներ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ ՊՈԱԿ, Բանանց ֆուտբոլային ակումբ, Գյումրու Կարա Միրզայի անվան երաժշտական դպրոց, Տուրվանդ ՍՊԸ եւ այն):

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում