Հայ-ռուսական բանակցություններն ընթանում են գազի գնի փոխհատուցման գրանտային մեխանիզմի շուրջ. Տիգրան Սարգսյան
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ գազի գնի 30 տոկոս մաքսային վճարը կոմպենսացնելու հետ կապված բանակցություները շարունակվում են: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ես Մինսկում վերջերս Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկել եմ այս հարցը` գտնելու բանաձեւ, թե ինչպես կարելի է գրանտային ձեւով օժանդակություն ստանալ` մեղմելու այդ 30 տոկոս բարձրացումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասել է վարչապետը` հավելելով, որ խնդիրը Ռուսաստանի Դաշնության ներսում պետք է քննարկվի: «Մենք մեր ռուս գործընկերներից ունենք արդեն դրական արձագանքներ: Քննարկումը գնում է մեխանիզմների վերաբերյալ: Հարցը պետք է քննարկվի նաեւ Ռուսաստանի ներսում, քանի որ եթե նրանք մեզ գրանտ տան, խորհրդարանում պետք է հիմնավորեն, թե ինչպես են մեզ տալիս այդ գրանտը, որպեսզի պատգամավորները հաստատեն ծրագիրը: Գազի գնի թանկացումը մեզ համար չափազանց ցավոտ խնդիր է եւ բացասական հարված է հասցնում, քանի որ Հայաստանում աղքատության, սոցիալական լարվածության խնդիր գոյություն ունի»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանը եւ Ռուսաստանը տարբեր բնագավառներում սերտացնում են հարաբերությունները: «Մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական հարաբերություններ եւ դա գաղտնիք չէ, ունենք ռազմական բազաներ: Գազի գնի բանակցությունների հետ կապված մեր երկրների քաղաքական դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի համար բարձրացումը պետք է լինի մինիմալ գներով»,-ասել է վարչապետը:
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել 1 խորանարդ մետր գազի դիմաց որպես նոր գին սահմանել 156 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինախագահ Ռոբերտ Նազարյանին` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունը երեսուն տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը: