3 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Գյումրի եւ Չինաստանի Սիան քաղաքների միջեւ կնքվեց փոխհամագործակցության համաձայնագիր: Հունիսի 8-ին այդ նպատակով Գյումրիում էր Սիանի պատվիրակությունը՝ Սիանի խորհրդարանի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ուանգ Քիուենի գլխավորությամբ: Վերջինիս ուղեկցում էին Սիան քաղաքի եւ Յանլիանգ շրջանի մշտական հանձնաժողովի անդամներ, քաղաքի ֆինանսական, ճարտարապետական, շինարարական ոլորտների ներկայացուցիչներ: Ավելի քան ութ միլիոն բնակչություն ունեցող քաղաքը գտնվում է Շանսի նահանգում, տարեկան բյուջեն կազմում է 80 մլդ դոլար:
Գյումրու քաղաքապետարանում պատվիրակությանը նախ ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այս համաձայնագրի կնքման հիմք հանդիսացել է մայիսին Սամվել Բալասանյանի Սիան կատարած այցը, որի ժամանակ քաղաքապետը, հետագա ծրագրերի իրականացման համար, նախնական բանավոր համաձայնության էր եկել Սիանի քաղաքապետի հետ: Հանդիպման ընթացքում Սիանի խորհրդարանի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ուանգ Քիուենը Սամվել Բալասանյանի սեպտեմբերին կրկին հրավիրեց Սիան՝ մասնակցելու տնտեսական ֆորումին, իսկ Գյումրու քաղաքպետն իր կողմից Չինաստանից ժամանած պատվիրակությանը հրավիրեց հունիսի 30-ին մասնակցելու «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումերի մեկնարկին: Հյուրերը փոխանակվեցին հուշանվերներով, որից հետո, Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում Սամվել Բալասանյանը եւ Ուանգ Քիուենը վավերացրեցին համաձայնագիրը:
Լրագրողներին ներկայացնելով երկու քաղաքների միջեւ համագործակցության ոլորտները՝ Սամվել Բալասանյանը նշեց, որ համագործակցություն նախատեսվում է մշակութային, մարզական, բարձր տեխնոլոգիաների եւ կրթական ոլորտներում: «Շատ ուրախ եմ այս նոր ընկերական եւ բարեկամական կապի համար: Մեր երկու քաղաքներն ունեն պատմական անցյալ եւ մշակույթ, կա նաեւ տարբերություն՝ զարգացման ռազմավարության իմաստով, բայց կարեւոր է, որ երկու քաղաքներն էլ ուզում են զարգանալ: Մենք կարող ենք մեր զարգացման փորձը փոխանցել ձեզ: Այս օրը կլինի այս երկու քաղաքների նոր համագործակցությունների սկիզբը»,-նշեց Ուանգ Քիուենը:
Օրվա ընթացքում պատվիրակությունը կլինի Գյումրու տեսարժան վայրերում, կծանոթանա քաղաքի մշակույթին, իսկ վաղը կայցելի Երեւան, օրվա ընթացքում նախատեսված են այցեր Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր: