Իրան- Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը Հայաստանի քաղաքական օրակարգում է. Տիգրան Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան- Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը գտնվում է Հայաստանի քաղաքական օրակարգում: Ինչպես Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի կառավարության խնդրանքով ռուսական ընկերություններից մեկն ուսումնասիրություններ է իրականացրել երկթուղու կառուցման նախագծի շուրջ` պարզելով նաեւ, թե որքան ներդրումներ են անհրաժեշտ: «Երկաթգծի կառուցումն ունի նաեւ քաղաքական շարժառիթ, եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ավելացրեց ՀՀ վարչապետը:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ ՎլադիմիրՅակունինը նշեց, որ ռուսական կողմն այժմ մեծապես հետաքրքրված է, թե վրացական կողմն ինչպիսի դիրքորոշում ունի աբխազական երկաթգծի բացման ուղղությամբ, ինչն իր հերթին նոր հնարավորություններ կստեղծի նաեւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հարցում: «Մենք սպասում ենք քաղաքական որոշումներին եւ պատրաստ կլինենք դրանց իրականացմանը նաեւ կոնկրետ ներդրումների ուղղությունները հստակեցվելուց հետո»,- ավելացրեց ռուսական ընկերության ղեկավարը:

Հայաստանցի եւ եվրոպացի փորձագետների տարբեր գնահատականներով, այս նախագիծը կարժենա 2-4 միլիարդ դոլար։ Եվ հայաստանյան պաշտոնյաները, եւ «Հարավկովկասյան երկաթուղու» ներկայացուցիչները մի շարք առիթներով հայտարարել են, որ ծրագրի ֆինանսավորման աղբյուրները որոշելու համար բանակցություններ են վարվում տարբեր երկրների, դոնոր կազմակերպությունների հետ:

Հայերեն English Русский