Doing Business: Կին գործարարը հայկական լեռների բույսերից եվրոպական ստանդարտների կոսմետիկ միջոցներ է արտադրում
6 րոպեի ընթերցում

Փոքր եւ միջին ձեռնարկատերերի մասին «Արմենպրես»-ի ակնարկների շարքի հերոսը խնամքի բնական միջոցների արտադրությամբ զբաղվող Զարուհի Անդրիասյանն է, ով սկսնակներն խորհուրդ է տալիս չվախենալ սեփական մտքերից եւ դրանց իրագործումից:
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 45-ամյա Զարուհի Անդրիասյանը նորարար տեխնոլոգիաների և համայնքի զարգացման հարցերով զբաղվում է 1998թ.-ից: Այդ ժամանակ նա հիմնադրել է «Նորարար տեխնոլոգիաների կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Այն զբաղվել է լեռնային գոտիներից հավաքած վայրի բույսերի վերամշակմամբ, հանուկներ ստանալով, հետազոտություններով: Բացի դրանից, հետազոտել են լեռնային գոտիների ջուրը, հողը և բուսականությունը:
«2006թ. երբ մեր քիմիկոսները, ֆիզիկոսները և ընդհանուր առմամբ գիտական խումբը մեծ հաջողության էր հասել, մենք որոշում կայացրեցինք: Այդ ժամանակ մեր կոսմետիկ և ալկոհոլային միջոցներն արդեն պատենտավորվել էին Հայաստանում և Ռուսաստանում: Հենց այդ տարի Լոռու մարզի Հոբարձի գյուղում հիմնեցինք արտադրամաս և սկսեցինք արտադրել խնամքի բնական միջոցներ»,- հիշում է մասնագիտությամբ դեղագործ Անդրիասյանը:
Առաջինն արտադրել են մաշկի խնամքի միջոցներ` հատկապես կորյակների և պիգմենտային բծերի դեմ պայքարի համար: Դրանից հետո արտադրատեսակներն անցել են փորձաքննություն, և կազմակերպությունը սկսել է իր բնական միջոցներն արտահանել: Առաջինն արտահանել են Ուկրաինա: Այնտեղից ստացել են դրական արձագանքներ: Դրանից հետո որոշել են ընդլայնել արտադրատեսակները: Սկսել են արտադրել 12 նոր տեսակի կրեմներ:
Կրեմներն ունեն ոչ միայն խնամքի գործառույթ, այլև ցավազրկող և բուժիչ հատկություն: Արտադրանքը հիմնականում իրացվում է դեղատներում: Ընկերությունը գործակցում է նաև ՀՀ պետական կազմակերպությունների հետ: Պաշտպանության նախարարության զորամասերին մատակարարում է հակասնկային միջոցներ, իսկ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին մատակարարում է նույն հակասնկային կրեմները և մկանային ցավերի դեմ քսուկները:
Զարուհի Անդրիասյանի հիմնած ընկերությունն արդեն արժանացել է մի քանի մրցանակի: Հատկապես նշանակալից է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակը, որի «Լավագույն կին բարեգործ» անվանակարգում Զարուհի Անդրիասյանը 2013թ.-ին ստացել է հատուկ մրցանակ:
«Հպարտ եմ, որ վարչապետի մրցանակին եմ արժանացել: Ուրախ եմ, որ իմ փոքր ձեռնարկությամբ կարողացել եմ մի փոքր օգուտ տալ համայնքին: Կանանց էլ կհորդորեմ խիզախել ու իրենց ուսերին մի փոքր ավելի ծանր բեռ վերցնել: Ես դա արել եմ, ու երջանիկ եմ դրա համար»,- գոհունակությամբ նշում է 4 երեխաների մայր Զարուհի Անդրիասյանը:
Իհարկե, բեռ վերցնելիս պետք է կինը վստահ լինի, որ թիկունքում ունի ընտանիքի, հատկապես` ամուսնու աջակցությունը: «Իմ ամուսինը միշտ աջակցել է ինձ և իմ գործունեության հարցերում ևս միշտ իմ կողքին է: Նա մեր գիտական կենտրոնի տնօրենն է և մեր բոլոր գիտական գործընթացները, գիտնականների հետ աշխատանքն անում ենք ամուսնուս ջանքերի միջոցով: Նա ստեղծում է գիտական հիմքը, ես իրականացնում եմ այն արտադրության մեջ»,- ամուսնու` Հակոբ Անդրիասյանի մասին է պատմում Զարուհի Անդրիասյանը:
Գործունեության սկզբում բարդություն են ունեցել իրացման շուկաներ գտնելու և այդ շուկաներում հաստատվելու հարցում: «Երբ մեր արտադրանքը ներկայացնում էինք արդեն վաղուց սեփականաշնորհված ու գրավված դեղատնային ոլորտում, շատերը թերահավատորեն էին վերաբերվում մեր արտադրանքին: Մեր բարդությունն այն էր, որ մենք պետք է բացատրեինք, ապացուցեինք, որ մեր արտադրանքը կարող է համեմատվել արտասահմանից ներմուծված նման ապրանքատեսականու հետ»,- ասում է Անդրիասյանը:
Մյուս բարդությունը առաջացել է արտադրանքի սերտիֆիկացման ժամանակ: «Եթե մենք մեր արտադրանքը սերտիֆիկացնեինք որպես բուժիչ միջոց, կունենայինք մեծ բարդություններ: Ուստի որոշեցինք այն սերտիֆիկացնել որպես կոսմետիկ միջոց: Թող մարդիկ օգտվեն և հասկանան, որ դրա արդյունավետությունը չի սահմանափակվում կոսմետիկ լինելով»,- շեշտում է կին գործարարը:
Չնայած զգալի փորձին` Զարուհի Անդրիասյանն իրեն լիովին կայացած չի համարում: Ասում է` նոր դժվարություններն ի հայտ են գալիս իրենից անկախ, և դրանք պետք է լուծել: Կառավարությունը որոշել է, որ մարդու խնամքի հետ կապված արտադրատեսակները պետք է ունենան արտադրության եվրոպական համապատասխան որակի ստանդարտ: Սակայն, ըստ Անդրիասյանի, այդ ստանդարտը Հոբարձի գյուղում ապահովելն անհնար էր: Ուստի, իր ղեկավարած «ԻՆՍԻ» ընկերությունը սկսել է գործակցել Երևանում գործող «Էսկո-ֆարմ» ընկերության հետ, որի արտադրամասերում էլ կազմակերպվում է տեսականու արտադրությունը:
Գործի ապագան դժվարանում է պատկերացնել: Իսկ նոր սկսողներին և նրանց, ովքեր ցանկանում են գործարարությամբ զբաղվել, բայց մտավախություն ունեն, Զարուհի Անդրիասյանը խորհուրդ է տալիս չվախենալ սեփական մտքերից և դրանց իրագործումից:
Հաջողության պատմությունը եւ լուսանկարները տրամադրել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը
Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան
