Ադրբեջանցի գրողը «ողջամիտ ադրբեջանցիների անունից» ցավակցում է Ցեղասպանության առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի գրող Էդուարդ Բագիրովն իր ցավակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի առնչությամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Բագիրովը գրել է իր կայքէջում:

«Մոսկվայում բնակվող ողջամիտ ադրբեջանցիների անունից ցավակցություններս եմ հայտնում հայ ազգին 1915 թվականի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ»,- գրել է ադրբեջանցին:

1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր:Ամեն ինչ նախապատրաստվել եւ սկսվել էր դեռեւս տարիներ առաջ:Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են 20-ից ավելի պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը` 1965 թ-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա:

Հայերեն English Русский