Ավելանում են Դիլիջանի զբոսաշրջային հոսքերը. Հաղարծինն ու Պարզ լիճը զբոսաշրջիկներին անտարբեր չեն թողնում
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջարանային քաղաք Դիլիջանի զարգացման ռազմավարական հեռանկարայինծրագրի շնորհիվ զգալիորեն կավելանան զբոսաշրջային հոսքերը:Արդեն իսկ տուրիստական կազմակերպություններն արձանագրում են այցելությունների թվի ավելացում: «Եթե նախկինում շաբաթական երկու տուր էինք ապահովում դեպի Դիլիջան, ապա այժմ տուրերի քանակը հասնում է երեքից չորսի»,- «Արմենպրես»-ին ասաց Shahverdyan Travel &Tour տուրիստական գործակալության տնօրեն Լուսինե Շահվերդյանը: Փորձը ցույց է տալիս, որ զբոսաշրջիկներին Դիլիջանում ամենից շատ գրավում են Հաղարծինի վանքը եւ Պարզ լիճը, որոնք գտնվում են քաղաքից ոչ շատ հեռու:Շահվերդյանի գնահատմամբ` զբոսաշրջության հոսքը դեպի Դիլիջան պայմանավորված է վերջին տարիներին իրականացված բարելավման աշխատանքներով, որոնք նկատելի են եւ սպասարկման, եւ առաջարկվող ծառայությունների ոլորտում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Դիլիջանի քաղաքապետԱրմեն Սանթրոսյանը նշեց, որ 2013 թվականի փետրվարի 28-ից մարտի 2-ը Դիլիջանում պետական մարմինների, հանրային, հասարակական դոնոր կազմակերպությունների հետ համատեղ տեղի ունեցած Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (2012-2025թթ համար) նախագծի քննարկումը վկայում է այն մասին, որ մեծ է երկրի բարձրագույն ղեկավարության ուշադրությունը Դիլիջանի նկատմամբ:
«Նախանշված ծրագրերը, որոնք փուլ առ փուլ կիրականանան, առաջին հերթին կնպաստեն քաղաքում զբոսաշրջության զարգացմանը, կարթնացնեն որոշակի շարժ այդ ոլորտում»,- ասաց Սանթրոսյանը: Նրա խոսքով` Դիլիջանի 30 հանգստյան տներում տարեկան հանգստանում է շուրջ 20 հազար մարդ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Սանթրոսյանը նշեց, որ զբոսաշրջության խթանման հարցում ակտիվ են նաեւ մասնավոր ներդրողները, ինչը հնարավորություն կտա առաջիկա տարիների համար կանխատեսել զբոսաշրջիկների թվի ավելացում:«Դիլիջանի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն առողջարանային քաղաք է: Ի դեպ,դիլիջանցիները եւս ոգեւորված են այն բոլոր դրական փոփոխություններով, որոնք առաջիկայում նախանշվում են իրենց քաղաքում»,- նկատեց Սանթրոսյանը:
Քաղաքապետը որպես զարգացման ծրագրերի մեկնարկ նշեց Դիլիջանի միջազգային դպրոցի գործունեությունը, որտեղ ներգրավված են լինելու միջազգային փորձ ունեցող դասախոսներ եւ փորձագետներ: Դպրոցը նախատեսված կլինի 13-18 տարեկան 650 աշակերտի համար: Դպրոցի կառուցման աշխատանքները բաղկացած են երկու փուլերից: Առաջին փուլի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թ-ի սեպտեմբերին: Այդ ժամանակ շահագործման կհանձվեն դպրոցի գլխավոր եւ սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը: Դպրոցի շինարարության երկրորդ փուլում, որը նախատեսված է ավարտել 2016 թ-ին, կկառուցվի եւս երկու համալիր՝ հանրակացարաններ՝ աշակերտների համար, եւ մեկ համալիր՝ դասախոսական կազմի համար, ինչպես նաև թատրոն, ամֆիթատրոն, դպրոցական այգիներ։
2013 թ. հունվարին կայացել է ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնամեթոդական կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնը նախատեսված է տարբեր ֆինանսական, գիտական սեմինարների անցկացման համար: Կենտրոնում տարածքներ են տրամադրվելու տարբեր բանկերի, ապահովագրական ծառայությունների:
Առողջարանային քաղաք Դիլիջանը քաղաքային բնակավայր է դարձել 1938 թ-ին:Քաղաքը տեղակայված է Աղստեւ գետի ափին, Հալաբի և Փամբակի լեռնաշղթաների միջլեռնային հովտում` ծովի մակարդակից 1300-1330 մ բարձրության վրա: Երեւանից հեռու է 99 կմ:Բնակչությանթիվը15 հազար 700մարդ է:Դիլիջանում են գտնվում կոմպոզիտորների միության, կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տները: Առողջարան-հանգստավայրերից ամենախոշորը «Լեռնային Հայաստան» առողջարանն է, որը կառուցվել է 1970-ական թվականներին: