Սերժ Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը եւ շնորհակալություն հայտնեց գործադիրի անդամներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը եւ խնդրեց գործադիրի անդամներին պարտականությունները կատարել մինչեւ նոր կառավարության նշանակումը: Ստորագրելով առաջին հրամանագիրը` Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նախագահը շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար եւ համոզմուք հայտնեց, որ համատեղ գործունեությունը եղել է արդյունավետ:
«Կասկածից վեր է, որ մեր քաղաքացիների մի հսկայական զանգված դժգոհ է մեր աշխատանքից, բայց, հարգելի գործընկերներ, ուզում եմ, որ դուք համոզված լինեք` մարդիկ դժգոհ են ոչ թե մարդկանցից, այլ եղած պրոբլեմներից: Դուք ակնհայտորեն աշխատել եք բարդ պայմաններում եւ լուծել եք շատ դեպքերում անհնարին թվացող խնդիրներ, դուք դիմագրավել եք մարտահրավերներին, եւ դա ձեզ պատիվ է բերում: Անկախ նրանից, թե ձեզնից ով կաշխատի կառավարության նոր կազմում` դուք ծառայել եք հայ ժողովրդին եւ վստահ եմ, որ ծառայելու եք մինչեւ ձեր խոր ծերություն, որովհետեւ ծառայելու կոչումը ժամանակավոր չի լինում, որովհետեւ ծառայել նշանակում է ապրել: Շնորհակալ եմ եւ ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը համոզված լինի` անկախ գնահատականներից` դուք կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայմաններ: Վստահ եմ, որ Հայաստանի նոր կառավարությունը, շարունակելով ձեր լավագույն ավանդույթները, անպայման կկատարի իր առջեւ դրված խնդիրները, իսկ այս խնդիրները բազմազան են»,-ասաց Սերժ Սարգսյանը:
ՀՀ կառավարությունն ապրիլի 9-ին հրաժարական տվեց: Դա ՀՀ Սահմանադրության պահանջն է. Հրաժարականի տեսքստը նախագահական նստավայրում ընթերցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հանրապետության Նախագահը վարչապետ կնշանակի կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կկազմավորվի վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: