ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Jazz Parking Երեւան» նախագիծը ապրիլի 1-ին կներկայացնի իր առաջին խոշոր միջազգային ծրագիրը «Յանս» երաժշտական ակումբում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 29-ին հրավիրված ասուլիսում նախագծի հիմնադիր Ալֆերովա Հարությունյանը նշեց, որ «Jazz Parking»-ը Ռուսաստանում եւ դրա սահմաններից դուրս հայտնի ջազային նախագիծ է, որի նպատակն է միավորել տաղանդավոր երաժիշտների անկախ տարիքային եւ ազգային պատկանելությունից:
«Ցանկացած մարդ, ով ունի երաժշտական տաղանդ, կարող է մասնակցել նախագծին»,- ասաց Հարությունյանը: Նրա խոսքով` չի եղել մի դեպք, որ մերժվի մասնակցության ցանկություն ունեցող որեւէ մեկը:
Jazz Parking նախագիծը Մոսկվայումգործում է2008 թվականիիցԱնժելիկաԱլֆերովա Հարությունյանի նախաձեռնությամբ: Այն իր մասնակիցների քանակական եւ որակական առումով համարժեքը չունեցող նախագիծ է, որտեղ միշտ առկա են իմպրովիզացիաներ, կենդանի ձայն, ջազային եւ այլ ոճերի համաշխարհային հիթերի ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մատուցում: Նախագծին մասնակցում են տաղանդավոր հայտնի վոկալիստներ եւ երաժիշտներ Ռուսաստանից և արտերկրից: Յուրաքանչյուր համերգային ծրագիր ուրույն անկրկնելի ու անմոռանալի էներգետիկա ու տպավորություններ է փոխանցում հանդիսատեսին:
«Շնորհակալություն այս նախագծին, որ հնարավորություն է տալիս մեզ դրսեւորել մեզ այնպես, ինչպես կանք»,- ասաց ռուսական «Голос»- նախագծի մասնակից Էդվարդ Խաչարյանը:
«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ընկերության մարքեթինգի եւ PR բաժնի ղեկավար Շուշան Ավակիմյանը նշեց, որ «Jazz Parking Երեւան» նախագծի մասնակիցներն այստեղ են «Արմենիա» հեռուստաընկերության հրավերով, քանի որ մասնակցելու են մարտի 31-ին ուղիղ եթերում կայանալիք «Հայաստանի ձայնը» նախագծի եզրափակիչ փուլին:
Jazz Parking նախագծի հայաստանյան առաջին համերգի գլխավոր հյուրերն են լինելու The Voice նախագծի ռուսական տարբերակի` «Голос»-ի մասնակիցներ ու եզրափակչի մասնակիցներ Մարգարիտա Պոզոյանը, Էդվարդ Խաչարյանը, Գայանա Զախարովան, Արտյոմ Կաչարյանը, ովքեր զուգերգերով հանդես կգան «Հայաստանի Ձայնի» մասնակիցների հետ, ինչպես նաև հայ հայտնի երգիչ, երգչուհիներ ու երաժիշտներ, ինչպիսիք են Սոնան, Շուշան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Եվա Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը, Նիկ Եգիբյանը, Մարինե Հակոբյանը, Արտակ Ներսիսյանը, այլք:
Համերգը կվարեն ռուսաստանյան Jazz Parking-ի հաղորդավարներ Արման Մարգարյանն ու Անժելիկա Ալֆերովա Հարությունյանը, ով նաեւ այս նախագծի հեղինակն ու երաժշտական պրոդյուսերն է:
Նախագծի կազմակերպիչները խոստանում են Հայաստանում նախատիպը չունեցող անմոռանալի համերգ ու նոր երաժշտական մոտեցում՝ լի իմպրովիզացիաներով և, որ ամենակարևորն է, բարձրակարգ կենդանի հնչողությամբ:
Jazz Parking-ը համագործակցում է The Voice ծրագրի հետ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում: Այստեղ նույն բեմում հայտնվում են արդեն հայտնի ու ճանաչված աստղեր եւ երիտասարդ սկսնակ կատարողներ, որոնք շատ հաճախ հենց այս նախագծի շնորհիվ դուրս են գալիս ավելի մեծ ու միջազգային բեմեր: