Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցությունները կարող են արդյունք տալ. Անուշ Սեդրակյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցությունները կստանան նյութական բնույթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր այս կանխատեսումը ներկայացրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը, ում գնահատմամբ՝ նամակագրական կապը փոքր-ինչ անլրջություն է մտցնում բանակցային դաշտում։ «Սակայն այն ունի նաև իր դրական կողմերը, քանի որ այդ ամենը կատարվում է հանրորեն, և հասարակությունն անմիջական մասնակցության է ունենում այս գործընթացներին»,-ասաց Սեդրակյանը։ Նրա խոսքով՝ այսօվա հանրությունը բավականին բարձր է կանգնած, քանի որ կարողանում է վերլուծել՝ առանց ուշադրություն դարձնելու իշխանության և ընդդիմության գործողություններին։
Անուշ Սեդրակյանը համոզված է, որ ընդդիմությունը պետք է անպայման ներկայացված լինի ղեկավար պաշտոններում, քանի որ միայն այդպես կարելի է նկատել իշխանության թույլ տված սխալները և ուղղել դրանք։ «Ժողովրդի հիմնական դժգոհությունը սոցիալ-տնտեսական վիճակից է, և նա իշխանության մեջ է փնտրում դրանց լուծումները։ Երբ իշխանությունը չի առաջարկում լուծումներ, հասարակությունը դիմում է ընդդիմությանը»,-ասաց Սեդրակյան։ Նրա խոսքով՝ այսօր իշխանության համար առաջնային խնդիրը պետք է լինեն համակոռուպցիոն քայլերը և մենաշնորհների վերացումը։
Մարտի 26-ին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 25-ի նամակին, որտեղ ՀՀ նախագահը հորդորել էր Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը և աշխատանքը շարունակել «թուղթ ու գրիչով»։ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունել է Սերժ Սարգսյանի քայլը և ցանկացած ժամի ու ցանկացած ձևաչափով հանդիպելու պատրաստակամություն հայտնել: