Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Ալեքսանդր Ստուդենիկինը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, սա ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում նշանակվելուց հետո գեներալ-լեյտենանտ Ստուդենիկինի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն:
Այցի շրջանակում մարտի 15-ին տեղի են ունեցել գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի, ՀԱՊԿ Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, ՀԱՊԿ Միացյալ շտաբում անդամ-պետությունների զինված ուժերի ներկայացուցիչների կարգավիճակի հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների օպերատիվ փոխգործակցության մի շարք այլ խնդիրներ: