Քննարկվել են Մասիս, Աշտարակ եւ Էջմիածին քաղաքների ջրամատակարարման ծրագրերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Մասիս, Աշտարակ եւ Էջմիածին քաղաքների ջրամատակարարման ծրագրերը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը մասնակցել են նաեւ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզպետները, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Աշտարակի, Մասիսի քաղաքապետները, Էջմիածնի փոխքաղաքապետը եւ պատասխանատու այլ անձինք:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը ներկայացրել է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Համայնքային ջրամատակարարման ծրագրի» շրջանակում 2013թ. նախատեսվող աշխատանքները: Նշվել է, որ Մասիս, Աշտարակ, Էջմիածին քաղաքներում եւ հարակից 11 գյուղական համայնքներում ընդհանուր առմամբ նախատեսվում են շուրջ 8,5 մլն դոլարի շինարարական աշխատանքներ: Մասնավորապես, ծրագրի շրջանակում Մասիսի տարածաշրջանում կվերակառուցվի երեք արտեզյան հոր, կվերանորոգվեն Մասիսի եւ Աշտարակի պոմպակայանները, կկառուցվի եւ կվերականգնվի ընդհանուր առմամբ շուրջ 140 կմ ջրագիծ, Էջմիածնի հարակից երեք համայնքներում կվերակառուցվեն մայր ջրատարի առանձին հատվածներ:

Փոխվարչապետը հույս է հայտնել, որ ծրագրի իրականացման արդյունքում նշված համայնքներում էապես կբարելավվի ջրամատակարարման որակը, ինչն առաջնային խնդիր է բնակիչների համար: Նա տարածքային եւ տեղական մարմինների ղեկավարներին հորդորել է ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը: Արմեն Գեւորգյանը նաեւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել ջրի որակի վերաբերյալ բնակչությունից ստացվող անհանգստություններին:

«Մասիս» ջրօգտագործողների ընկերությունում փոխվարչապետը հանդիպել է Արարատի մարզի ՋՕԸ-երի ղեկավարների հետ: Օրակարգում ոռոգման նոր շրջանի մեկնարկի հետ կապված հարցերն էին: Հաշվի առնելով, որ մարզում ոռոգման շրջանն ավելի վաղ է սկսվում` փոխվարչապետը կարեւորել է գյուղացիական տնտեսություններին ժամանակին եւ անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու խնդիրը: Նա պատասխանատուներին հորդորել է ավարտին հասցնել նախապատրաստական բոլոր աշխատանքները: Փոխվարչապետն անդրադարձել է նաեւ ՋՕԸ-երի կառավարման խորհուրդների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը` կարեւորելով հանրության հետ մատչելի եւ թափանցիկ գործելաոճը, ընթացքում ծագող խնդիրների քննարկումը:

Արմեն Գեւորգյանը նաեւ դժգոհություն է հայտնել 2012թ. «Մասիս» ՋՕԸ-ի արձանագրած արդյունքներից` առաջարկելով վերլուծել պատճառներն ու ներկայացնել միջոցառումների ծրագիր` 2013թ-ին իրավիճակը շտկելու համար:

Աշխատանքային այցի ավարտին փոխվարչապետը կանգ է առել մարզի Այնթապ համայնքում, ծանոթացել կառուցվող մանկապարտեզի նոր շենքի ավարտական աշխատանքներին: Ներկայումս իրականացվում են բարեկարգման աշխատանքները եւ, ըստ պատասխանատուների, մինչեւ այս ամսվա վերջ շենքը պատրաստ կլինի շահագործման: Մանկապարտեզի նոր շենքի կառուցման նպատակով 98 մլն դրամ է հատկացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին եւ երկրորդ ծրագրերով, 120 մլն դրամ` Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի, եւս 90 մլն դրամ` «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության կողմից, ծրագրին համաֆինանսավորման միջոցով մասնակցում է նաեւ համայնքը:

Հայերեն Русский