Հեյդի Թալյավինին Սերժ Սարգսյանի քարոզարշավն ամենից աչքի ընկնողն է համարում
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի ընտրությունների, քարոզարշավի մեկնարկի և ընթացքի, ինչպես նաև նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի վերաբերյալ«Արմենպրես»-ը զրուցել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հեյդի Թալյավինիի հետ:
- Հայաստանում հունվարի 21-ին մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական իրավիճակը Հայաստանում: Արդյոք թեկնածուների համար ստեղծված են քարոզարշավի անցկացման հավասար պայմաններ:
-Ընտրական օրենսգրքում ներառված են մի շարք օրենքներ, որոնք ուղղված են բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելուն: Պետությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են նախագահի թեկնածուների համար անվճար տարածքներ և հավասար պայմաններ ապահովել քարոզարշավի շրջանակներում միջոցառումների կազմակերպման համար:
Այսպիսով, պաշտոնական քարոզարշավի ժամանակաշրջանին հատուկ էին ավելի զսպված միջոցառումները: Ամենից աչքի ընկնողը գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավն է: Քարոզարշավի ընդհանուր մթնոլորտի վրա որոշակի ազդեցություն ունեցավ որոշ խորհրդարանական խմբակցությունների որոշումը` նախագահի թեկնածու չառաջադրելու մասին:
- Հայաստանի իշխանությունները բազմիցս պատրաստակամություն են հայտնել երկրում աննախադեպ նախագահական ընտրություններ անցկացնել, ըստ ձեր դիտարկումների` մինչ այս պահը տեսնո՞ւմ եք հիմքեր երկրում միջազգային բոլոր չափանիշերին համապատասխանող ընտրությունների անցկացման համար:
-Նախ`մենք չենք մտածում այն մասին, թե ինչպիսին կլինեն կամ ինչպիսին չեն լինի այս ընտրությունները: Մեր կարծիքը նախնական տվյալներով և գնահատականներով հանդերձ կներկայացվի միայն ընտրություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որին մենք ձեզ սիրով հրավիրում ենք մասնակցել: Առավել ընդգրկուն գնահատական կներկայացվի վերջնական զեկույցում, որը կհրապարակվի մոտ ութ ամիս անց գործընթացի ավարտից հետո:
Երկրորդը` կուզեի նշել, որ մեր դիտարկումների ընթացքում մենք հաշվի ենք առնում և գնահատում ընտրական գործընթացի բոլոր կողմերը: Մեզ հետաքրքրում են ընտրական գործընթացները, ոչ թե ընտրությունների արդյունքները: Մենք չենք զբաղվում ընտրություններն ավելի օրինական դարձնելով կամ դրանք վավեր կամ անվավեր ճանաչելով: Մեր դերն այն է, որ դիտարկենք և գնահատենք ընտրական գործընթացը ԵԱՀԿ պարտավորությունների, միջազգային և ազգային չափանիշների լույսի ներքո: Այսուհանդերձ, ըստ արժանվույն ընտրությունների անցկացումը կախված է համապատասխան ազգային դերակատարներից:
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցում ՀՀ ընտրական նոր օրենսգիրքն ամուր հիմքեք համարել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, սակայն որոշ բացեր ևս առանձնացրել եք: Առկա բացերով հանդերձ, երկրում օրենսդրականդաշտն ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների առավել թափանցիկ անցկացման համար:
-Ինչպես նշել էինք մեր առաջին միջանկյալ զեկույցում, առաջիկա նախագահական ընտրություններն առաջինն են, որոնք անցկացվելու են համաձայն նոր ընտրական օրենսգրքի, որն ընդունվել է 2011 թվականի մայիսին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի Վենետիկյան հանձնաժողովը գնահատել են նոր օրենսգիրքը` որպես համապարփակ փաստաթուղթ, որը ամուր հիմք է ապահովում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար:
Միաժամանակ, չնայած նրան, որ նոր օրենսգրքում տեղ են գտել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Եվրոպայի Խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի կողմից արված մի շարք դիտարկումներ, այսուհանդերձ, դեռևս կան ոլորտներ, որոնց ճշգրտումը մեծապես կնպաստեր նոր օրենսգրքի բարելավմանը: Այս առումով, թույլ տվեք հղում կատարել 2012-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին, որը հրապարակվել է երկու լեզուներով (http://www.osce.org/odihr/elections/88247):
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն ապահովվա՞ծ է բոլոր անհրաժեշտ պայմաններով Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
-ԵԱՀԿ Մշտական Խորհրդի կողմից հաստատված տարեկան բյուջեն ամբողջովին ծածկում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ողջ գործունեությունը`ներառյալ բոլոր դիտորդական առաքելությունները. 2013 Հայաստանի հետ մեկտեղ դիտորդական առաքելություններ են ուղարկվել նաև Չեխիայի Հանրապետություն և Մոնակո: Շատ շուտով մենք առաքելություն ենք գործուղելու նաև Մոնտենեգրո:
- Ինչպե՞ս կգնահատեիք Պարույր Հայրիկյանի դեմ կատարվածը: Արդյոք կա որևէ հիմք` կարծելու համար, որ այս ամենը կխաթարի նախագահականընտրությունների բնականոն ընթացքը:
-Բռնությունը երբեք չի կարող այլընտրանք լինել: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն, դեսպան Յանեզ Լենարչիչը հայտարարություն էր հրապարակել, որում նա քննադատում էր տեղի ունեցած հարձակումը:Հայտարարությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով http://www.osce.org/odihr/elections/99037:
Լենարչիչն ասել է. «Այս հարձակումը մտահոգվելու մեծ տեղիք է տալիս, եթե հաշվի առնենք, որ ընտրական գերծընթացն արդեն սկսվել է, և ես կոչ եմ անում բոլոր մասնակիցներին զերծ մնալ յուրաքանչյուր քայլից, որը կարող է ավելի լարել ստեղծված իրավիճակը»:
«Մենք նաև կոչ ենք անում համապատասխան մարմիններին հետևողականորեն քննել հանցագործությունը և պատժել վեջինիս նախաձեռնողներին»: Նա նշել է նաև, որ բոլոր հետաքրքրված կողմերը պիտի ապահովեն ընտրական գործընթացի խաղաղ ընթացքը:
Մեր` ընտրությունների դիտորդական առաքելությունը կապի մեջ է պետական մարմինների, ինչպես նաև Պարույր Հայրիկյանի ընտրական շտաբի հետ և շարունակում է հետևել գործի հետագա զարգացումներին:
Պատրաստեց Սեդա Մանուկյանը