Իոսիֆ Կոբզոնը երաժշտական գործիքներ նվիրեց Գյումրու երաժշտական դպրոցին

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի է այցելել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը` Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի փողային նվագախմբին երաժշտական գործիքներ նվիրելու նպատակով: Գործիքները գնվել են 2012 թվականի նոյեմբերի 22-ին «Սոզվեզդիա» միջազգային բարեգործական հիմնադրամի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Արամ Խաչատրյանի անվան համերգային դահլիճում Իոսիֆ Կոբզոնի 75-ամյակին կազմակերպված «Ես սիրում եմ քեզ, կյա՛նք» խորագիրը կրող հոբելյանական մենահամերգից գոյացած գումարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անվանի երգչին քաղաքի մուտքի մոտ դիմավորեցին քաղաքային իշխանությունների, Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի ներկայացուցիչները: Գյումրու քաղաքապետարանում քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ Կոբզոնը նշեց, որ սա իր առաջին այցը չէ Գյումրի. Սպիտակի երկրաշարժից հետո նա մի քանի անգամ եկել է քաղաք, բայց ամեն անգամ այցելում է առանձնակի ջերմությամբ: Գյումրու քաղաքապետը իր եւ գյումրեցիների անունից կրկին շնորհակալություն հայտնեց նրան եւ հանձնեց Գյումրու խորհրդանիշը՝ հայտնի «կլկլան»-ը եւ հրավիրեց մասնակցել Գյումրիում հունիսին մեկնարկող «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումներին:

Քաղաքապետարան այցից հետո ժողովրդական արտիստն ընկերների ու «Սոզվեզդիա» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ եղավ Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրում, ծաղկեպսակ դրեց 1853-56 եւ 1877-78 թվականներին ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի սպաների եւ զինվորների հիշատակը հավերժացնող կոթողին: Երգիչը մոմ վառեց նաեւ ռուսական եկեղեցում, Սպիտակի ծաղկեպսակ դրեց երկրաշարժի անմեղ զոհերի հուշակոթողին: Ավելի ուշ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հանդիսավորությամբ գյումրեցիներին փոխանցվեցին երաժշտական գործիքները:

Սամվել Բալասանյանը Իոսիֆ Կոբզոնին հանձնեց Գյումրու քաղաքապետի հուշամեդալ: Շնորհակալական խոսքեր հնչեցին նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, Շիրակի փոխմարզպետ Սերյան Պետրոսյանի, Գյումրիում գործող ռուսական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ թիվ 4 երաժշտական դպրոցի տնօրենի կողմից:

Սիրված երգիչը Հայաստանի եւ հայերի նկատմամբ տածած սիրո մասին խոսելուց հետո գյումրեցիների համար չորս երգ կատարեց: Նրան միացավ նաեւ Գյումրու փողային նվագախումը:

Հայերեն Русский