Շիրակի մարզի երկրապահներն օրը սկսեցին ազատամարտիկների պանթեոն այցելությունից
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի երկրապահները հունվարի 28-ին` Հայոց բանակի կազմավորման տարեդարձի առթիվ, այցելեցին «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն: Ծաղիկներ դնելուց եւ մեկ րոպե մարտական ընկերների հիշատակը հարգելուց հետո՝ երկրապահները շարժվեցին դեպի Գյումրու Արվեստների ակադեմիա, որտեղ նրանց սպասում էր տոնական համերգ:
«Այսօրվա մարտունակ բանակի հիմքը՝ երեկվա կամավորական ջոկատներն էին, բայց որ այսօր հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտուկաներից մեկն է՝ չկա որեւէ կասկած»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երկրապահ կամավորների միության Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը: Նա ընդգծում է, որ հույսով եւ վստահությամբ է պետք հենվել բանակի ակունքներին: «Բանակի փոփոխություններն օրեցօր է զգացվում՝ արցախյան հերոսամարտի առաջին օրերին ստիպված էինք ամեն ինչ հայթայթել՝ սնունդ, զենք-զինամթերք, այսօր ունենք ամեն ինչ: Ես՝ իմ ընկերների հետ միասին, հպարտանում եմ մեր բանակով»,-նշեց Յուրա Ալեքսանյանը:
Օրվա առթիվ երկրապահ կամավորների հուշամեդալներով պարգեւատրվեցին հայ-ադրբեջանական սահմանագծին ծառայող, Երկրապահ կամավորների միության երիտասարդական թեւը ներկայացնող շիրակցի պայմանագրային հինգ զինծառայող: