Հասարակական

Մայր Աթոռում Հայոց բանակի օրվա առթիվ Սուրբ Պատարագ է մատուցվել

4 րոպեի ընթերցում

Մայր Աթոռում Հայոց բանակի օրվա առթիվ Սուրբ Պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն, մատուցվել է Սուրբ Պատարագ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն«Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ պատարագիչը Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն էր: Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ:

Ս. Պատարագի ընթացքում Վրթանես Սրբազանը քարոզ է խոսել` անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում հայոց բանակի կարեւոր դերին ու նշանակությանը. «Գոհություն Ամենազոր Աստծո, որ այսօր համայն մեր ժողովուրդն ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփյուռս աշխարհի միասնաբար տոնախմբում է Հայոց երիտասարդ եւ հաղթական բանակի 21-րդ տարեդարձը: Բանակ, որը թեպետ ստեղծվել ու կայացել է ոչ վաղ անցյալում, սակայն ապրել եւ հաղթանակների փայլուն պսակների է արժանացել` անցնելով ծանր եւ դժվարին ժամանակներով, այլեւ հայ զորականաց սուրբ եւ արդար արյան հեղումով»: Խոսքն ուղղելով ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին` Սրբազան Հայրը մասնավորապես հորդորել է հայոց զինված ուժերի յուրաքանչյուր գիտակից ծառայակցի «լցված միաբանության ոգով, շարունակել իր արդար ու հաղթական երթը, քանզի հայոց բանակը այն կարեւորագույն հիմնաքարն է, որի վրա պիտի խոյանա մեր ժողովրդի միասնության սրբազան տաճարը»:

Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի Իջման Ս. խորանի առջեւ, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն` ի շինություն եւ ի պայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի: Հանրապետական մաղթանքից հետո Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մեկ անգամ եւս շնորհավորելով ամենքին Հայոց բանակի 21-րդ տարեդարձի առիթով, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին: Անդրադառնալով թե° հոգեւոր սպասավորների եւ թե° զինվորականների ծառայության կարեւորությանը հայ ժողովրդի կյանքում` Նորին Սրբությունը նշել է, որ նրանք երկուսն էլ կոչված են պայքարելու չարի դեմ հոգեւոր եւ ֆիզիկական տեսանկյուններից` այն հասարակության միջից վերացնելու, սեր ու խաղաղություն հաստատելու եւ ապահով ու անսասան Հայրենիք կառուցելու համար:

Այնուհետեւ, ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու «Սբ. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգեւատրել է գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանին, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանին եւ գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին:

Ապա ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով` ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առիթով Արցախյան ազատամարտին մասնակցած եւ զինված ուժերում հոգեւոր ծառայության ընթացքում իրենց նպաստը բերած շուրջ 20 հոգեւորականներ պարգեւատրվել են «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան» եւ «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալներով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում