3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխարհի վերջի» սպասումները տարբեր դրսեւորումներ են ստացել տարբեր երկրներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, արգենտինացի խուլիգանները խանութներ են թալանել: Նրանք մի շարք անկարգություններ են հրահրել ու մի քանի բնակավայրերում իրավապահները չեն կարողացել կանխել զանգվածային հարձակումները խանութների վրա: Բնակիչները պահանջել են մեծացնել սոցիալական աջակցությունն Ամանորին ընդառաջ եւ կառավարությունից դրական պատասխան չստանալով` քաոսի են հասցրել իրավիճակը:
2012թ. դեկտեմբերի 21-ին մայաների կանխատեսած «աշխարհի վերջը», սակայն, հետաձգվում է: Աստղագիտական համաշխարհային հսկան`ՆԱՍԱ-ն, եւս անդրադարձ է կատարել աշխարհի վերջի մասին խոսակցություններին՝ շեշտելով, որ այն չի լինելու:ՆԱՍԱ-ի խոսնակ Դուեին Բրաունի խոսքով՝ գործակալությունն ամեն ինչ արել է ապացուցելու, որդեկտեմբերի 21-ինաշխարհը չի կործանվելու:
Հայ աստղագետներն ու հոգևորականները ևս նշում են, որ աշխարհի վերջի մասին խոսակցությունները զուրկ են փաստական հիմքից:Վերջին տասներկու տարիների ընթացքում աշխարհի վերջը կանխատեսել են հինգ անգամ, որոնցից ոչ մեկը իրականություն չի դարձել:
2004-ին աշխարհի վերջ էր կանխատեսել Վանգան, իսկ 2008-ին` Նոստրադամուսը: Ինչ վերաբերում է աշխարհի վերջի մայաների կանխատեսումին, ապա այն սխալ է մեկնաբանվում, քանզի ավարտվում է ոչ թե մայաների օրացույցը, այլ հերթական պարբերաշրջանը:Համաձայն Աստվածաշնչյան կանխատեսումների՝ Քրիստոսը գալու է աշխարհի վախճանին, բայց ոչ ոք չի կարող ասել` երբ:
Աշխարհի վերջը կանխատեսել են մ.թ. 33թվականից մինչև 2012 թվականը, սակայն մինչև օրս դեռ ոչ մի կանխատեսում իրականություն չի դարձել: 33, 666, 900, 999, 1000, 1013, 1033, 1492, 1584, 1666, 1844, 1899, 1900, 2000, 2011 թվականներին աշխարհի վերջ են կանխատեսել տարբեր հասարակություններում, ի դեպ, հիմնականում քրիստոնեական` ելնելով տարբեր մարգարեների վկայություններից, տարբեր օրացույցների հաշվարկի տարբեր եղանակներից:
Առավել հայտնի են աշխարհի վերջի 11 թեորիաներ: Դրանցից առավել տարածված են Երկրի բախումն աստերոիդի հետ, հրաբուխի ժայթքումը, Անտարկտիդայի կամ օվկիանոսի տակ տեկտոնիկ բացվածքը, տեխնոլոգիական աղետները, Նիբիրու մոլորակը, միջուկային զենքի կիրառումը, մահացու վիրուսի տարածումը, արևի ուժեղ բռնկումը, համակարգչային վիրուսը, այլմոլորակայինների ի հայտ գալը: