«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի գլխավոր տնօրենը շնորհավորել է «Արմենպրես»-ի 94 ամյակը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին`գործակալության հիմնադրման 94-ամյակի առթիվ:
«Շնորհավորում եմ Ձեզ եւ գործակալության ողջ կոլեկտիվին` «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման առթիվ: Ընդունեք իմ ամենաջերմ մաղթանքները`քաջ առողջություն, երջանկություն, լուրջ հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում, ինչպես նաեւ բարգավաճում` «Արմենպրես»-ին»,-նշել է Միխայլովը:
Գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ առաջիկայում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը եւ «Արմենպրես»-ը կշարունակեն զարգացնել եւ ամրապնդել բարեկամական հարաբերությունները եւ արգասաբեր համագործակցությունը:
«Արմենպրես» լրատվական գործակալությունն այսօր նշում է հիմնադրման 94-րդ տարեդարձը: 1918 թ. դեկտեմբերի 18-ինՀայաստանի Ազգային խորհրդի նիստի արձանագրությունում ազդարարվեց Հայաստանի նորանկախ պետության համար մեծ իրադարձություն հանդիսացող Հայաստանի հեռագրական գործակալության ծնունդը:
Գործակալությունն ունի բազմաթիվ բաժանորդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում. զանգվածային լրատվության միջոցներից բացի դրանց թվում են դեսպանատներ, միջազգային կազմակերպություններ, բանկեր, ֆինանսական կառույցներ, վերլուծական կենտրոններ, ինստիտուտներ։ Համագործակից գործակալությունների թվում են տեղեկատվական դաշտի այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, «Ռոյթեր»-ը, «Սինխուա»-ն։