4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը 94-րդ տարեդարձը տոնում է նշանակալի ձեռքբերումներով: Դեկտեմբերի 18-ն «Արմենպրես»-ի հիմնադրման օրն է:1918 թ.Հայաստանի Ազգային խորհրդի հենց այդ օրվա նիստի արձանագրությունում ազդարարվեց Հայաստանի նորանկախ պետության համար մեծ իրադարձություն հանդիսացող Հայաստանի հեռագրական գործակալության ծնունդը:
Վերջինիս հիմնման վերաբերյալ առաջին օրենքի ընդունմամբ երկրի բոլոր պետական ու հասարակական հիմնարկները պարտավորվել են տեղեկություններ տալ գործակալությանը, ընդ որում` արգելվել է նախքան դրանք գործակալությանը հաղորդելը տալ մասնավոր անձանց կամ հաստատություններին, ինչպես նաեւ գործակալության հեռագրերի արտատպումն այլ հրատարակություններում` բաժանորդ թերթերում դրանց հրապարակումից հետո 48 ժամվա ընթացքում: Հայհեռագործի առաջին պաշտոնական հեռագրային ժապավենը, ինչպես եւ նախօրոք ծանուցվել է բաժանորդներին, թողարկվել է 1919 թ. հունվարի 15-ին. այն ընդգրկել է 22 կարճ լուր: Դրանք ուշագրավ տեղեկություններ են հանրապետության առօրյայի, պետական շինարարության, ազգամիջյան փոխհարաբերություններում գլուխ բարձրացնող ներքին խժդժությունների մասին:
Հայհեռագործն իր գոյության ավելի քան ինը տասնամյակների ընթացքում ունեցել է երեսունից ավելի ղեկավարներ: «Հայհեռագործ-Արմենտա-Արմենպրես»-ը մշտապես արտահայտել է հասարակության ցավերն ու մտահոգությունները. նա ժողովրդի հետ պայքարել է ֆաշիզմի դեմ, ուրախությամբ արձանագրել հետպատերազմյան շրջանում հայորդիների ներգաղթը, անմասն չի մնացել մշակութային կյանքում տեղի ունեցող իրադարձություններից եւս: 1959-ի դեկտեմբերից գործակալությունն ունենում է նաեւ իր առանձին, մասնագիտացված ֆոտոծառայությունը` «Ֆոտոխրոնիկա-ՀՀԳ» անվամբ, որ կարճ ժամանակում մեծ համբավ է ձեռք բերում: Հետագայում որոշվել է փոխել հնաբույր Հայաստանի հեռագրական գործակալություն անվանումը: Հայտարարվում է անվանափոխման մրցույթ: Ներկայացված ամենատարբեր առաջարկություններից ընտրվել է «Արմենպրես»-ը:
ՀՀ կառավարության կողմից 1998 թ. հունվարի 22-ին հաստատվել է «Արմենպրես»-ի նոր կարգավիճակը` պետական բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է ՀՀ պետությունը։ Գործակալության ամենօրյա լրատվությունը պատրաստվում է հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Այն ունի հարուստ տեղեկատվական եւ լուսանկարչական արխիվ, որը Հայաստանի եւ տարածաշրջանի յուրահատուկ պատմությունն է ներկայացնում։
«Արմենպրես»-ն ունի բազմաթիվ բաժանորդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում. զանգվածային լրատվության միջոցներից զատ դրանց թվում են դեսպանատներ, միջազգային կազմակերպություններ, բանկեր, ֆինանսական կառույցներ, վերլուծական կենտրոններ, ինստիտուտներ։ Արմենպրեսի համագործակից գործակալությունների թվում են տեղեկատվական դաշտի այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, «Ռոյթեր»-ը, «Սինխուա»-ն, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների փոխանակում։