Փորձագետը տեսանելի ապագայում անհնար է համարում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գերազանցությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսանելի հեռանկարում ստեղծված են բոլոր նախադրյալները, որպեսզի հակառակորդը գերազանցություն չկարողանա ձեռք բերել հայկական բանակի նկատմամբ: Այդ մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Փորձագետի խոսքով՝ հայ-ռուսական համագործակցության համատեքստում մենք հնարավորություն ունենք ձեռք բերել ժամանակակից սպառազինություն՝ մատչելի գներով: «Սա չեզոքացնում է Ադրբեջանի ռազմական ուռճացված բյուջեից բխող վտանգը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց փորձագետը: Ջամալյանի բնորոշմամբ՝ հայոց երկու պետություններն այս տարի նույնպես նվաճել են խաղաղություն և պատերազմը կանխել են նրանով, որ թույլ չեն տվել Ադրբեջանին գերազանցություն ձեռք բերել:
Փորձագետի համոզմամբ՝ այն տեսակետը, թե ադրբեջացիներն օր ու գիշեր սպասում են պատերազմի՝ պատրանք է, և մենք չպետք է տրվենք ադրբեջանական այդ պրիմիտիվ քարոզչությանը: «Պատերազմից խուսափելու ցանկությունը և տագնապներն ավելի շեշտադրված առկա են նրանց մոտ»,- ասաց փորձագետը:
Ջամալյանի խոսքով՝ միայն պատերազմին պատրաստ լինելով է հնարավոր կանխել պատերազմը: