«ՀԱՄԱՍ»-ի դերակատարումը տարածաշրջանում ակտիվանում է. արաբագետի վերլուծություն

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի օր տևած պաղեստինաիսրայելական հակամարտությունն ավարտվեց նոյեմբերի 21-ին հակամարտող կողմերի` «ՀԱՄԱՍ» պաղեստինյան իսլամական խմբավորման և Իսրայելի միջև եգիպտաամերիկյան միջնորդությամբ ստորագրված զինադադարով` «անդորր անդորրի դիմաց» սկզբունքի հիման վրա: Զինադադարից անմիջապես հետո հակամարտող կողմերը հայտնեցին կոնֆլիկտից իրենց հաղթանակած դուրս գալու մասին: Նույնն արեց նաև «ՀԱՄԱՍ»-ը` տոնելով և ներկայացնելով իր գործողությունը որպես հաղթանակ Իսրայելի նկատմամբ:

Նոր զարգացումները ցույց տվեցին, որ «ՀԱՄԱՍ»-ը 2008թ. ի վեր ամրապնդել է իր դիրքերը` ավելացնելով սեփական հնարավորությունները տարածաշրջանում` օգտագործելով հեռահար գործողության ռազմական միջոցներ, ոչնչացնելով իսրայելական անօդաչու թռչող սարքեր, իրականացնելով ահաբեկչական գործողություններ, զանգվածային հրթիռակոծության ենթարկելով Իսրայելի տարածքը` սպառնալով Թել Ավիվին և Երուսաղեմին: Նմանօրինակ գործողություններով «ՀԱՄԱՍ»-ը ստիպում է հաշվի նստել իր հետ:

Լինելով իսլամական արմատական կառույց և նպատակ ունենալով Պաղեստինում ստեղծել իսլամական պետություն, «ՀԱՄԱՍ»-ն իր գաղափարախոսությունը կառուցում է հակասիոնիստական ուղղվածության հիմքի վրա` սեփական հռչակագրում ամրագրելով այն դրույթը, որ «Իսրայելը պետք է գցել ծովը»: Ընդհանուր առմամբ, նման դրույթներով առաջնորդվող խմբավորման համար դժվար է լիարժեքորեն ներգրավվել տեղի ունեցող արդի ռեգիոնալ գործընթացներում, առավել ևս, որ Իսրայելն իր ստեղծման օրվանից լուրջ դերակատարում ունի տարածաշրջանում և հետևողական ու անողոք պայքար է մղում Իսրայելի գոյությունը կասկածի տակ առնող իսլամական արմատական խմբավորումների դեմ: Սակայն, մեծ հաշվով նմանատիպ դիրքորոշումն է ապահովում «ՀԱՄԱՍ»-ի հաջողությունները Գազայի հատվածում:

«ՀԱՄԱՍ»-ը 2007թ-ից վերցրել է Գազայի հատվածում իշխանությունը և մինչև օրս ինքնուրույն է իրականացնում հատվածի ղեկավարումը Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասից անկախ: Արմատականների առավել չափավոր թևի ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին նորություն չի, հատկապես «ՀԱՄԱՍ»-ի համար: Այն միշտ իր ուշադրության կենտրոնում է պահել արաբական «փողոցը», զբաղվել հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների հովանավորությամբ, ակտիվորեն ներգրավված եղել պաղեստինյան ընտրություններին:

Մյուս կողմից «ՀԱՄԱՍ»-ի ակտիվ ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներում իր ազդեցությունն է ունենում առավել ծայրահեղ իսլամական կառույցների դիրքորոշման վրա: վերջիններս հայտնի են իրենց բացասական վերաբերմունքով քաղաքական դաշտում ակտիվության նկատմամբ` իրենց պայքարում կարևորելով անմիջական ռազմական գործողություններն ուղղված ոչ միայն ոչ մուսուլման, այլև մուսուլման աշխարհիկ-անհավատ վարչախմբերի դեմ:

«ՀԱՄԱՍ»-ի նման ակտիվությունը Իսրայելի դեմ ուղղված գործողություններում վկայությունն է այն բանի, որ կառույցը դրանով բարձրացնում է իր հեղինակությունն ու ազդեցությունը մուսուլման արմատականների շրջանում` վերահաստատելով իր վճռականությունն Իսրայել դեմ պայքարում` հյուսիսաֆրիկյան, մերձավորարևելյան և այլ տարածաշրջաններում գնալով ավելացող ռադիկալ տրամադրությունների ֆոնի ներքո: «ՀԱՄԱՍ»-ը միշտ լարվածության մեջ է պահել տարածաշրջանը և հատկապես Իսրայելին` ժամանակ առ ժամանակ հրթիռակոծության ենթարկելով վերջինիս տարածքը:

Մյուս կողմից, «ՀԱՄԱՍ»-ի պայքարը Իսրայելի դեմ որոշակի դիվիդենտներ է ապահովում կառույցին, առաջին հերթին մուսուլմանական աշխարհի երկրներից: Մերձավոր Արևելքում բավական արագ ընթացող զարգացումներում տեղի են ունենում ուժերի վերադասավորումներ, և այս առումով «ՀԱՄԱՍ»-ին պետք էին նոր հովանավորներ գտնել` տարածաշրջանում ստեղծված հակաշիական` հակասիրիական և հակաիրանական տրամադրությունների համատեքստում: Նման դերում հանդես են գալիս Եգիպտոսը, Թուրքիան և Պարսից ծոցի միապետությունները, որոնք պաղեստինաիսրայելական հակամարտության սկզբից իրենց աջակցությունը հայտնեցին «ՀԱՄԱՍ»-ին:

Իսրայելը չպետք է թերագնահատի այդ պաղեստինյան խմբավորման գործողությունների արդյունավետությունը, առավել ևս մի քանի տասնամյակ շարունակվող պաղեստինյան հիմնախնդիրը հանդիսանում է մուսուլմանական մի շարք երկրների արտաքին և ներքին քաղաքական հիմնախնդիրներից, ինչը ենթադրում է «ՀԱՄԱՍ» խմբավորման դերակատարության և Իսրայելի անվտանգությանն ուղղված սպառնալիքի ավելացում: Եվ հետևաբար, կարելի է փաստել, որ իսրայելական օդուժի գերճշգրիտ հարվածներից և հատուկ նշանակության գործողություններից «ՀԱՄԱՍ»-ի ղեկավար օղակը թուլանում է, Իսրայելի դեմ ռազմական գործողություններում «ՀԱՄԱՍ»-ը կիրառում է զգալի ռազմական միջոցներ, սակայն «ՀԱՄԱՍ»-ը լուծում է իր համար հեռու գնացող խնդիրներ. ստանում է նոր հովանավորներ, բարձրացնում է իր հեղինակությունը և վերածվում ակտիվ գործոնի տարածաշրջանային զարգացումներում, որի հետ Իսրայելը պետք է հաշվի նստի:

Արաբագետ Սարգիս Գրիգորյան

Հայերեն

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres