Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահի անունից տրվել է պաշտոնական ընթրիք

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, Լիբանանի նախագահին, նրա տիկնոջը, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, պաշտոնական ընթրիքի բոլոր մյուս ներկաներին ուղղված բաժակաճառում Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայերի համար հարազատ երկրում՝ Լիբանանի հյուրընկալ հողում ջերմ ընդունելության համար:

Սերժ Սարգսյանը խոսել է երկու հինավուրց, բարեկամ ժողովուրդների պատմական անցյալի, ներկայում հուսալի գործընկերներ Հայաստանի և Լիբանանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, ինչպես նաև միջպետական բազմոլորտ հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու երկկողմ ցանկության ու պատրաստակամության մասին: Հայաստանի նախագահը մաղթել է Լիբանանին և նրա ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և անսասան ազգային միաբանություն:

«Մեր ժողովուրդների առնչությունները սկիզբ են առնում անհիշելի ժամանակներից, իսկ հայկական ներկայությունը Լիբանանում չափվում է դարերով: Կարծում եմ ամենևին պատահական չէ, որ հենց Լիբանանում է երկուսուկես դար առաջ իր նստավայրը հաստատել Հռոմի պապից պաշտոնական ճանաչման արժանացած հայ կաթոլիկ առաջին կաթողիկոսը: Հայերն իրենց անուրանալի մասնակցությունն են ունեցել Լիբանանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման համար մղվող պայքարում: Առաջին համաշխարհայինի տարիներին Լեռնալիբանանի ինքնավարության վերջին կառավարիչն էր հայազգի Օհաննես փաշա Կույումճյանը, որը պայքարում էր շրջանի բնակչությանը երիտթուրքերի ճնշումներից զերծ պահելու համար, և նրա պաշտոնանկությամբ ու ինքնավարության վերացումով Օսմանյան կայսրությունն սկսեց կոտորածների ալիք Լիբանանում:

Իմ խորին համոզմամբ հայ և լիբանանցի ժողովուրդներն ավելին են, քան ուղղակի բարեկամներ: Հայ ժողովրդի համար պատմության ամենածանր պահին Լիբանանը դարձել է փրկության փարոս բազմահազար հայրենազրկված հայերի համար: Ինչպես, եթե ոչ եղբայրական, կարելի է որակել այսօրինակ փոխհարաբերությունները:

Այսօր էլ Լիբանանում բազմահազարանոց հայ համայնքի խաղաղ ու ստեղծագործ գոյությունը խոսքերիս լավագույն վկայությունն է: Եվ այս դահլիճում ներկա իմ հայրենակիցների համար, բնականաբար, ես հպարտ եմ: Շատ շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, որ մեզ դարձնում եք այդքան ճանաչելի, որ մեր հեղինակությունը, այդ թվում՝ նաև Լիբանանում բարձր եք պահում: Հենց Լիբանանում են ձևավորվել արտերկրում հայության ամենախոշոր հոգևոր, մշակութային և կրթական կենտրոններից մի քանիսը, որոնց կարևոր դեր է վերապահված սփյուռքում հայապահպանության գործում: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ կաթողիկե պատրիարքարանը, արտերկրում միակ հայկական՝ Հայկազյան համալսարանը և այս հողում դարեր ի վեր պահպանված ու փայփայված հայկական հոգևոր, մշակութային բազմաթիվ այլ արժեքները առհավետ շաղկապում են մեզ և մեր ժողովուրդների պատմությունները»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայերեն English Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները