Սուրիկ Խաչատրյանը պարգեւատրել է Արծվանիկի բարերարին

3 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կապանի տարածաշրջանի 730 բնակիչ ունեցող Արծվանիկ գյուղում 2003թ-ից սկսած ավելի քան 55 մլն դրամի ներդրումներ է կատարել մոսկվայաբնակ համագյուղացի Միշա Մարգարյանը: Բարերարի առաջին ներդրումը եղել է գյուղի հացատան նորոգումը, որից հետո հովանավորել է ջրագծի անցկացման աշխատանքները, կառուցել է եկեղեցի, խաչքար-հուշաղբյուր, տրամադրել է գույք դպրոցին ու մանկապարտեզին, գումարներ է հատկացրել համագյուղացի ուսանողներին ուսման վարձի համար, հիվանդ երեխաներին` բուժման նպատակով, օգնություն տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին եւ այլն: Բարերարը ժամանել է հայրենի գյուղ, որտեղ համագյուղացիները նոյեմբերի 24-ին նրա կողմից նորոգված գյուղի ակումբում մեծարման միջոցառում էին կազմակերպել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միշա Մարգարյանի սրտացավ վերաբերմունքը հայրենի գյուղի նկատմամբ, արժանացել է մարզի ղեկավարության ուշադրությանը: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որոշմամբ` Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքում պատմամշակութային արժեքների վերականգնման, համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում ներդրած ավանդի եւ մատուցած նշանակալից ծառայությունների համար «Ակսել Բակունցի» հուշամեդալով պարգեւատրվեց բարերար Միշա Մարգարյանը:

«Պետք է մեծարենք մեր բարերարներին, ովքեր օգնում են մեր պետությանը, մեր ժողովրդին այս անցումային շրջանում: Մեծարման առավել արժանի են պարոն Մարգարյանի նման բարերարները, ովքեր չունենալով առանձնապես մեծ բիզնեսներ, իրենց անձնական խնայողություններից կարողանում են բաժին հանել հայրենի գյուղի զարգացմանը», - հանձնելով հուշամեդալը բարերարին` ասաց Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը:

Միջոցառմանն երաժշտական կատարումներով հանդես եկան մայրաքաղաքից ժամանած երաժիշտ կատարողները: Իր երգով համագյուղացիներին ողջունեց նաեւ բարերարը: «Ամեն մարդ պետք է այնպես անի, որ իրենից հետո ինչ-որ բան թողնի: Ես միլոնատեր կամ միլիարդատեր չեմ, տարվա ընթացքում խնայում եմ իմ անձնական եկամուտների մի մասը եւ բարեգործություն եմ անում հայրենի գյուղի համար: Բարեգործությամբ զբաղվում եմ նաեւ Մոսկվայում. գումար եմ տրամադրում մանկատներին», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մարգարյանը: Առաջիկայում գյուղապետի հետ ձեռք բերված համաձայնությամբ Միշա Մարգարյանի տրամադրած միջոցներով համաֆինանսավորմամբ կնորոգվի գյուղի մանկապարտեզը:

Մասնագիտությամբ վարսահարդար 78-ամյա բարերարը հայրենի գյուղում բնակվել է 23 տարի, հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ապրում է իր ընտանիքի հետ:

Հայերեն Русский