Շոու բիզնես

Երեւանում սպասվում է «Կորած-մոլորվածը Հայաստանում» ռոմանտիկ կատակերգության պրեմիերան

2 րոպեի ընթերցում

 Երեւանում սպասվում է «Կորած-մոլորվածը Հայաստանում» ռոմանտիկ կատակերգության պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Կորած- մոլորվածը Հայաստանում» (Lost and found in Armenia) ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 22-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրեց «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր մենեջեր Մարատ Սաֆարյանը` ֆիլմի պրեմիերային կնախորդի մամլո ասուլիս:

«Ռեդ թայ ֆիլմզ» ընկերության նոր երկլեզու կինոկատակերգությունը նկարահանվել է 2011 թվականի ամռանը Հայաստանում եւ ԱՄՆ-ում: Հայաստանյան տեսարանները նկարահանվել են իրական, աշխույժ մի գյուղում` ցույց տալու երկրի մշակույթն ու ոգին: Միացյալ նահանգների տեսարանները նկարահանվել են Սան Դիեգոյում:«Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմը պատմություն է Բիլ անունով ամերիկացի զբոսաշրջիկի եւ Հայաստանում նրա արկածների մասին:

Բիլն արձակուրդ է վերցնում և գնում Թուրքիա` սիրային ծանր բաժանումը մտքից հանելու համար: Իրադարձությունների զվարճալի եւ վտանգավոր զարգացումից հետո Բիլն առանց իմանալու հայտնվում է Հայաստանում, որտեղ նրան մեղադրում են թուրքական լրտես լինելու մեջ:Ռոմանտիկ կատակերգության բուն իմաստն այն է, որ այն մարդը, ով թշնամի է թվում, կարող է լավագույն բարեկամը դառնալ:

Ֆիլմի պրոդյուսերներն են Վալերի Մաքքեֆրին եւ Մարալ Ջերեջյանը: «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան դերասաններ Ջեմի Քեննեդին, Դեյվ Շերիդանը, Անժելա Սարաֆյանը, Մուրիսա Հարբան, ինչպես նաեւ Դավիթ Թովմասյանը, Վաչիկ Մանգասարյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը: Առաջիկայում բացառված չէ ֆիլմի մասնակցութունը տարբեր կինոփառատոների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում