Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը գոհունակության նամակ է հղել ՀՀ վարչապետին «Doing Business-2013»-ում Հայաստանի առաջընթացի առթիվ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը նամակ է հղել ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին` Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Doing Business-2013» ամենամյա զեկույցի կապակցությամբ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից «Արմենպրես»-ին տրամադրած հաղորդագրության մեջ նշվում է.
«Մեծարգո Պարոն Վարչապետ,
Համաշխարհային բանկի կողմից վերջերս հրապարակված «Doing Business-2013» ամենամյա զեկույցից երևում է Հայաստանի Հանրապետության զգալի առաջընթացը գործարարության ոլորտում, որը բարելավել է իր դիրքերը 18 կետով` վարկանիշային աղյուսակի 185 երկրների շարքում զբաղեցնելով 32-րդ տեղը:
Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը ուրախ է այս նորության համար և շնորհավորում է Ձեզ այսպիսի արդյունքի առթիվ: Այս հաջողության մեջ տեսնում ենք այն բարեփոխումների պտուղները, որոնք Ձեր կառավարությունը արդեն իսկ կյանքի է կոչում:
Հաշվի առնելով այն, որ Հայաստանը չի դադարում առաջընթաց ունենալ Եվրամիության հետ մերձեցման գործում և այսօր ներգրավված է խորը և համապարփակ ազատ առևտրի շուրջ համաձայնություն ձեռք բերելու բանակցային գործընթացում, այս հաջողությունը լուրջ քաջալերում է` շարունակելու և արագացնելու բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ աշխատանքները, առաջընթացը սատարելու և երկրի նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը բարելավելու նպատակով:
Մեր շարքերը համալրած ֆրանսիական ձեռնարկություններն իրենց հերթին ջանք ու եռանդ չեն խնայի նպաստելու Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Համոզված եղեք, մեծարգո պարոն Վարչապետ, որ Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը կօժանդակի Հայաստանի իրականացրած առաջընթացը Եվրամիությունում և Ֆրանսիայում մեր գործընկերների կողմից լավագույնս արժևորելու գործում»: