Ռուսաստանը Վրաստանի նոր կառավարությանը գնահատելու է նրա գործերով. Սերգեյ Լավրով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան Վրաստանի նոր կառավարության մտադրությունների մասին դատելու է ըստ նրա կոնկրետ գործերի եւ Ռուսաստանի ու Հարավային Կովկասի նկատմամբ դիրքորոշումների: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ «Նովոստի»-ին, հոկտեմբերի 15-ին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ձեւավորվելու է նոր կառավարություն: Ձայների մեծամասնությունն ստացել է ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը: Նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությունը դառնում է ընդդիմություն:
«Մենք հավաստել ենք, որ ակնկալում ենք նորր կառավարության ձեւավորում, որի մասին դատելու ենք ըստ նրա կոնկրետ գործերի եւ այն դիրքորոշումների, որոնք կհայտարարվեն ՌԴ-ի եւ ամբողջությամբ վերցված Հարավային Կովկասի վերաբերյալ»,- ասել է նա:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը հույս ունի, որ Վրաստանը կնորմալացնի հարաբերությունները Ռուսաստանի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ, սակայն Մոսկվան մտադիր չէ բանակցություններ վարել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճակատագրի շուրջ