Հայաստանն ու Ռուսաստանն ակտիվացնում են համագործակցությունը մշակութային ոլորտում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը եւ Ռուսաստանը առաջիկա տարիներին եւս մշակութային ոլորտում կշարունակեն իրենց համագործակցությունը: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում հոկտեմբերի 12-ին ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջեւ 2012-2015 թթ համագործակցության» ծրագիրը, որի նպատակն է կանոնակարգելու այդ տարիներին հայ-ռուսական մշակութային համագործակցությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Անդրեյ Բուսիգինը: Համագործակցության ծրագիրը բաղկացած է 18 հոդվածից, որն այսուհետ կկանոնակարգի հայ-ռուսական մշակութային համագործակցությունը մի շարք ոլորտներում: Ինչպես նշեց նախարար Պողոսյանը, սա հստակ գործողությունների ծրագիր է, որը կհամակարգի մշակութային մի շարք ոլորտներ: Ծրագրի համաձայն` կողմերը կաջակցեն ստեղծագործական կոլեկտիվների եւ անհատ կատարողների փոխանակումներին, երկու երկրներում անցկացվող միջազգային փառատոներին եւ մրցույթներին: Բարենպաստ պայմաններ կստեղծվի կերպարվեստի, բեմարվեստի, կինեմատոգրաֆիայի, գրադարանային եւ թանգարանային գործի, դեկորատիվ-կիրառական, ինքնագործ եւ կրկեսային արվեստի, պատմամշակութային ժառանգության օբյեկտների, ժողովրդական արհեստների պահպանման բնագավառում համագործակցության զարգացման համար:
«Այս ամենով հանդերձ ես կարեւորում եմ մեկ դրույթ եւս. այն, որ կողմերը կշարունակեն աջակցել կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գործընթացին: Ռուսական կողմը մշտապես համապատասխան քվոտաներ կտրամադրի Ռուսաստանի Դաշնության ստեղծագործական բուհերում Հայաստանի քաղաքացիների ուսուցման եւ վերապատրաստման համար»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Անդրեյ Բուսիգինը բարձր գնահատեց հայ եւ ռուս ժողովուրդների եւ պետական գերատեսչությունների համագործակցության ներկա մակարդակը եւ կարեւորեցայն շարունակելու եւ ամրապնդելու հեռանկարը: «Շատ հաճելի է, որ մեր մշակութային փոխանակումները տարեցտարի առավել ակտիվանում են»,- ասաց նա: Կողմերը կաջակցեն նախագծերի իրականացմանը` կինոյի, թատրոնի, գրականության ոլորտներում, ակտիվորեն կմասնակցեն երկու երկրների համար նշանակալից իրադարձություններին եւ միջոցառումներին: Փոխադարձության հիման վրա կկազմակերպվեն մշակույթի, կինոյի օրեր, կիրկանացվեն ցուցահանդեսների փոխանակումներ: